14/11/2014 15:25
Մովսես Հակոբյան. Թռիչքներն իրականացվում էին մեր հատվածում
Հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի հարցով զբաղվում է նաև Կարմիր խաչը: Այս մասին Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ վերջին երկու օրվա ընթացքում խոցման հատվածում հակառակորդի ակտիվությունը բարձր է, ինչով նրանք փորձում են թույլ չտալ, որպեսզի հայկական կողմը մոտենա խոցված ուղղաթիռին:
«Մենք պետք է հաշվի առնենք, թե ով է մեր հակառակորդը և թե ինչի համար է նա այս ամենն անում: Մեր ուղղաթիռները թռչել են սահմանին մոտ բնագծում, իսկ հակառակորդն իրականացրել է խոցում: Եթե հակառակորդն ունենար տրամաբանություն և պատասախանատվություն, նման գործողություն չէր իրականացնի, քանի որ այդ ուղղաթիռներն իրականացնում էին թռիչքներ՝ մարտավարական զորավարժությունների շրջանակում»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ ընդգծելով, որ թռիչքներն իրականացվում էին մեր հատվածում:
ՊԲ հրամանտարն ընդգծեց, որ խոցված ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում՝ հակառակորդի դիրքից 20 մետր հեռավորության վրա:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ գործողություններ է պատրաստվում անել ՀՀ զինված ուժերը, Մ. Հակոբյանն ասաց, որ բանակն իր գործը լավ գիտի և պատասխան անպայման կտրվի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: