23/01/2015 17:14
Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. 1 տարի անց մենք նորից նույն կետում ենք
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործի դատաքննությունը ռեալիթի շոու էր հիշեցնում, իսկ մեկ տարի տևած դատավարությունը անհասկանալի է՝ ինչին էր ծառայում: Այս մասին այսօր Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն:
«Ես ընթերցել եմ բոլոր նիստերի արձանագրությունները, ամբողջ ընթացքում լսել եմ, ըմբռնել և հասկացել, թե իմ գործընկերներն ինչպես են պաշտպանում Վարդանին, բայց 1 տարի անց մենք նորից նույն կետում ենք: Ինչպե՞ս չմտածենք, որ այս դատավարությունն անօգուտ չէ, իսկ ամեն ինչ՝ նախապես որոշված: Այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է, բացի արդարադատությունից»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանը նշեց, որ հեռակա կարգով հետևել է դատավարությանը:
«Եվ ես սկսեցի ուսումնասիրել ձեր օրենքները: Բայց տեքստը ոչինչ է, կարևորն այն է, թե ինչպես ես օգտագործում այդ օրենքները»,- ասաց պաշտպանը:
Դիմելով դատախազին՝ Մարի Լոռ Դոզեն նշեց, որ այնպիսի տպավորություն էր, որ նա մեղադրում էր ոչ թե Վարդան Պետրոսյանին, այլ նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին:
«Դուք ձեզ այնպես եք պահում, որ կարծես խուլ եք, կույր եք: Չեք պատասխանում հեռախոսի, արագության հետ կապված հարցերին: Դուք չեք պատասխանում Վարդանի հայտարարություններին: Միակ բանը, որ Ձեզ մնացել է այս գործի քննությունից, փաստաբանի պահվածքն է»,- ասաց պաշտպանը: