24/01/2015 11:54
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը փոխվել է. Նաիրա Զոհրաբյանն ի վիճակի չէ Ստրասբուրգ մեկնել
Ես ի վիճակի չեմ Ստրասբուրգում աշխատելու: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին, այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հավելեց, որ հրաժարվելու պատճառները խիստ անձնական են:
Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը առհասարակ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, պատճառաբանելով, թե հարմար չէ:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, թե հունվարի 26-30-ը նախատեսված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չեն մասնակցի:
Նշենք, որ ըստ թերթի տեղեկությունների՝ նրանք հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց՝ առողջության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ:
Հավելենք նաև, որ այս անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով պատվիրակության ղեկավարն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: