24/01/2015 12:54
Հակառակորդի դիվերսիոն խմբի կողմից հայ զինվորների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
23.01.2015 թվականին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մարտական գործողությունների հետևանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը, ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլախավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն: