27/01/2015 12:39
Մերկելը նման հայտարարություն չի արել, ի՞նչ իմաստ կա այդ թեմայով ասուլիս հրավիրելու
Մի քանի օր առաջ հայկական որոշ լրատվամիջոցներ, կուլ տալով ադրբեջանական ԶԼՄ-ների խայծը, ակտիվ քննարկում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի իբրև թե արված այն հայտարարությունը, թե Գերմանիան հավակնություններ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայանալ որպես համանախագահ երկիր:
Ավելի ուշ պարզվեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում կանցլերի հնչեցրած արտահայտություններն աղավաղվել են և նման հայտարարություն չի հնչել:
Ու ահա այսքանից հետո ուշագրավ է, որ որոշ մամուլի ակումբներ այդուհանդերձ շարունակում են այդ ապատեղեկատվությունը քննարկման առարկա դարձնել ու բանախոսներին հրավիրել հենց այդ թեման զարգացնելու ու քննարկելու նպատակով: Հետաքրքիր է` ինչո՞ւ բանախոսը պետք է քննարկի, թե ի՞նչ հետևանք կունենա այն հայտարարությունը, որ նույնիսկ չի էլ արվել: Այսինքն` այդքան պարա՞պ է, որ իր տեսակետներն է հայտնում մի հարցի շուրջ, որը օրակարգում չկա:
Մասնավորապես, այսօր «Հենարան» ակումբի հյուրն էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ասուլիսի թեման էր` «Անգելա Մերկելի հայտարարության ենթատեքստը. որքանո՞վ է հնարավոր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի փոխարինումը Գերմանիայով»:
Պարզվեց, որ Ս. Սուրենյանցը ժամանակ է գտել ու նույնիսկ իր կարծիքն է արտահայտել այս թեմայի շուրջ, այն է`
«Հայկական գրեթե բոլոր ԶԼՄ-ները Մերկել-Ալիև հանդիպումը ներկայացրին ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա: Ես նայել եմ սկզբնաղբյուրը: Մերկելը բացարձակապես չի խոսել իր երկրի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալու հնարավորության մասին»:
Հասկանալի է` քաղաքական իրադարձությունների սով է, բայց պետք չէ շարունակել քննարկել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունն ու դրա հնարավոր հետևանքները: Իսկ թե իրականում ինչ է ասել Մերկելը` Aysor.am-ը դրան անդրադարձել է առանձին հրապարակմամբ` հղում անելով գերմանական կանցլերատի պաշտոնական կայքին: