22/01/2015 19:13
Ի՞նչ է ասել Մերկելն իրականում. Պարզաբանում` ըստ պաշտոնական կայքի
Ըստ որոշ լրատվամիջոցների` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարէլ է, թե անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերի առիթով և, իբրև թե, Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են այդ հարցը ու Գերմանիան ցանկանում է իր ներդրումն ունենալ կարգավորման գործընթացում: Ավելին` ըստ որոշ հրապարակումների, Մերկելը նաև հայտարարել է, թե «հրադադարի պարբերական խախտումները բացասական երևույթներ են, որոնց հարցում որոշակիորեն իր դերն ունի նաև Ռուսաստանը»:
Սակայն գերմանական կանցլերատի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մերկելը ներածական խոսքում բառացի ասել է հետևյալը.
«Գերմանիան ցանկանում է այդ հակամարտության լուծման մեջ օգտակար լինել։ Մենք խոսեցինք, նաև, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանը այդ առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ կխոսի»:
Բացի այդ՝ կանցլերը նաև ասել է, որ Գերմանիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է, որի համանախագահներն են Ֆրանսիան,Ռուսաստանը, ԱՄՆ-ն:
«Մենք աջակցում ենք բանակցային լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը և ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ: Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի: Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով և բնականաբար դրանք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու: Զգուշությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում: Միգուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում: Ուստի կարող եք հանգել, որ տարբեր ստանդարտներ չենք կիրառում»:
Նախորդող հրապարակում՝ Շարմազանով. Ադրբեջանի քարոզչամեքենան հենց Ալիևի ներկայությամբ ապտակ ստացավ Մերկելից