28/01/2015 13:21
Հրաձգուհի Մարիամ Միքայելյանը Քուվեյթում բրոնզե մեդալի է արժանացել
Հունվարի 24-31-ը Քուվեյթում ընթանում է 4-րդ միջազգային գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Մարիամ Միքայելյանը մասնակցել է 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին, որին մասնակցել է 11 երկրի 16 մարզուհի: Մարիամ Միքայելյանը խոցել է 408,7 միավոր և գրավել 3-րդ տեղը: 1-ին տեղը գրավել է 411,5 մրավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Նորայր Առաքելյանն ու Զավեն Իգիթյանը հանդես կգան հունվարի 29-ին օդամղիչ ատրճանակ ձևում:
Հունվարի 28-31-ը Հայաստանի հավաքական թիմի երկրոդական կազմը` մարզիկներ Սուսաննա Հովհաննիսյանը, Լիա Սահակյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Էլմիրա Կարապետյանը և հիմնական կազմից Քրիստիան ու Իրինա Լուերները կմասնակցեն Մյունխենյան միջազգային մրցաշարի Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: