30/01/2015 14:00
Ֆրանսուա Ռոշբլուա. Պատրանք է, թե առանց ղարաբաղյան կողմին հաշվի առնելու, կարելի է հասնել խաղաղության համաձայնության
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության կապակցությամբ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը հանդես է եկել հայտարարությամբ.
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ արտահայտած դիրքորոշումը:
Միջնորդները անկողմնակալորեն նշում են հակամարտության սրացման մեջ Ադրբեջանի պատասխանատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովին տեղեկացրել են «շփման գծի երկայնքով և հայաստանա-ադրբեջանական սահմանի վրա հարձակումների առնչությամբ իրենց խիստ մտահոգությունը»: Վերջիններս Ադրբեջանին նաև կոչ
են արել «հարգել հակամարտության խաղաղ կարգավորման լուծման նպատակով ստանձնած սեփական պարտավորությունները»:
«Մենք անվերապահորեն սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությամբ արտահայտված դիրքորոշումը»,- հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:
Աննախադեպ փաստ է, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը դիվանագիտական բառապաշարով նշում է միջադեպերի բազմապատկման գործում Ադրբեջանի առաջնահերթ պատասխանատվության մասին:
«Մենք ողջունում ենք համանախագահների կողմից ընտրված եզրույթները, քանի որ դրանցով ճանաչվում է Հայաստանի զուսպ պահվածքը, ինչպես նաև ենթադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը»,-վերլուծեց Ֆրանսուա Ռոշբլուանը:
Բարեկամության շրջանակի նախագահը հիշեցրեց, որ պատրանք է կարծել, թե առանց այդ ղարաբաղյան կողմին հաշվի առնելու կարելի է հասնել խաղաղության համաձայնության:
Իրենց հայտարարության մեջ համանախագահները նաև անուղղակիորեն պահանջում են առաջին գծի բոլոր դիրքերից դիպուկահարների հեռացումը` ընդգծելով. «Ճակատային գծի երկայնքով անկանխատեսելի միջադեպերից խուսափելուն ուղղված միջոցառումների կարևորությունը». ինչը վաղուց ստացել է ղարաբաղյան և հայաստանյան կողմերի համաձայնությունը, բայց մերժվել է ադրբեջանական կողմի կողից:
«Իրավացի են միջոնրդները, երբ իրերն իրենց անունով են կոչում և մատնացույց անում Ադրբեջանի պատասխանատվությունը շփման գծում անկայունություն մտցնելու նպատակ հետապնդող ռազմական սադրանքներում»,- հաստատեց Ֆրանսուա Ռոշըբլուանը:
«Հարձակվողի և պաշտպանվողի միջև տարբերություն չդնելը չի նպաստում խաղաղությանը: Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով նախընտրելի է իրականությունը արտացոլող օբյեկտիվությունը քան կեղծ անկողմնակալությունը, որով նույն հարթության վրա են դրվում ղարաբաղյան ժողովրդավարությունը և Ադրբեջանի բռնատիրությունը»,-եզրափակեց նա: