27/02/2015 16:30
Ոմանք ցանկանում են ԲՀԿ ղեկավարության և Մարտուն Գրիգորյանի միջև լարվածություն ստեղծել. Հայտարարություն
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես անդրադարձել են համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում պատգամավորի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված հրապարակումներին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հայտնում ենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թ. 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը: Խորհրդի գրասենյակն այսօր էլ բնականոն հունով իրականացնում է իր գործառույթները: Այս օրերին` երեք տարի անց, չեղած կառույցի կազմաքանդումը Մարտուն Գրիգորյանին վերագրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շառլատանություն:
Բացարձակ անհիմն, մերկապարանոց այս տեղեկատվությունը, ըստ մեզ, ճանապարհ անցած մարդկանց միջև անհաշտություն, կասկածամտություն սերմանելու, ԲՀԿ-ի ղեկավարության և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի` տարիների ընթացքում ձևավորված գործնական և միևնույն ժամանակ ջերմ մարդկային հարաբերությունները ստվերելու անբարո նպատակ է հետապնդում: Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հորդորում է լրատվամիջոցներին պատգամավորի փոխարեն չպատասխանել ենթադրյալ հարցերին, չտրվել երևակայությանը և բոլոր հարցերի պատասխաններին սպասել առաջիկայում, իր կայքէջում»: