02/03/2015 15:55
«Men’s world». Կանայք դուրս են բոլոր լուսանցքներից
Մարտի 15-ին Հայաստանի 26 համայնքներում անցկացվելու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Ամենից թեժ պայքարը սպասվում է Արմավիրում, որտեղ հերթական անգամ քաղաքապետության համար պայքար է մղելու երկարամյա քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և ևս չորս թեկնածու… բայց խոսքը բոլորովին այլ խնդրի մասին է. 26 համայնքներից և ոչ մեկում առաջադրված կին թեկնածու չկա, այսինքն կանայք այս ընտրությունների լուսանցքից ամբողջությամբ դուրս են մնացել:
Ճիշտ է, արդարության համար նշենք, որ գրանցման պահին երկու համայնքներում` Կոտայքի Աղավնաձորում ու Սյունիքի Լորում մեկական կին թեկնածու առաջադրված եղել է, սակայն նրանք ինքնաբացարկ են հայտնել, ինչը նշանակում է, որ ընտրություններին որևէ կին թեկնածու չի մասնակցի ու չի պայքարի համայնքի ղեկավարի պաշտոնի համար:
Այս ցուցանիշը զարմանալի չէր լինի, եթե մի պահ վերանայինք այն հանգամանքից, որ վերջին տարիներին Հայաստանում բազմապիսի ծրագրեր են իրականացվել կանանց ակտիվությունը խթանելու, նրանց քաղաքականության մեջ ներգրավելու ու առաջնորդության հմտություններով օժտելուն ուղղված: Իսկ սա նշանակում է, որ ոչ թե կանանց մեջ է խնդիրը, քանզի կանայք, թեկուզ և այս երկուսի օրինակով, ձգտում են իրենց դերակատարումն ունենալ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է:
Օրինակ, կուսակցական մակարդակում տարրական ճնշումներն ենք խնդիրը, երբ Հայաստանի առաջատար կուսակցությունները իրենց թեկնածուներն են ունենում համայնքում ու մնացած բոլորը, անգամ եթե հարգված են ու ամագ ունեն, խուսափում են բացահայտ պայքարի մեջ մտնել` ի վերջո, դեռ ապրելու են այդտեղ, իսկ խնդիրներ ոչ ոք չի ուզում: Այս հոգեբանությունը առկա է հայաստանյան իրականության մեջ ցանկացած ոլորտում ու իսկապես խեղճացնում բոլորին, քանզի ինչ-որ մեկի դեմ ելնելով դու ռիսկի ես գնում հետագայում անգամ մի տեղեկանք ստանալու համար լուրջ պատմությունների մեջ ընկնել: Ու եթե նման իրավիճակից խուսափում են տղամարդիկ, ապա էլ ի՞նչ ասենք կանանց մասին, որոնք այս «men’s world»-ում ուղղակի պարտավոր են նրանց խաղի կանոններին ենթարկվել:
Իհարկե, կարող ենք անվերջ վիճել այդ «պարտավոր են»-ի շուրջ, բայց ապարդյուն` տարեց տարի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ընտրություններում կանանց ներգրավվածության խայտառակ ցածր մակարդակը վկայում է, որ առաջիկայում էլ ոչինչ չի փոխվի, քանզի հիմքեր չկան ու հիմնովին է պետք փոխել համակարգը, այլ ոչ թե կանանց փորձել լիդերության հմտություններ ներարկել:
Ի վերջո` կինը ի ծնե է լիդեր, քանզի իր ուսերին կրում է սեփական ընտանիքի հոգսը, իսկ մեկ ընտանիք կառավարողը կարող է ու ունակ է նաև համայնք ղեկավարել: Բայց այս ճշմարտությունը դեռ շատ երկար ժամանակ Հայաստանին չի վերաբերի, քանզի երբ համայնքների խոշորացում տեղի ունենա, ապա կանանց առհասարակ դուրս կթողնեն բոլոր լուսանցքներից: