02/03/2015 14:07
«Գելլափ Ինթերնեյշնլ». Եռյակի փլուզումը տեսանելի էր դեռ նոյեմբերին
Թեև ԱԺ ոչ իշխանական եռյակը, կարծես թե, նոր է կնքել իր մահկանացուն, այդուհանդերձ հանրությունը նման ավարտը վաղուց էր կանխատեսել: Այս մասին այսօր հայտարարեց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով նոյեմբերին ՀՀ 1067 բնակչի շրջանում անցկացված հարցման արդյունքները:
Ըստ այդմ, հարցվածների 40 տոկոսը դեռ նոյեմբերին կարծիք է հայտնել, որ եռյակը մոտ ապագայում դատապարտված է փլուզման, 25 տոկոսը կարծիք հայտնել, որ եռյակի հանրահավաքները գնալով կդառնան ավելի սակավաթիվ, թեև 20 տոկոսն էլ նշել է, որ ձևաչափը կշարունակի պարբերաբար հանրահավաքներ կազմակերպել, իսկ 11 տոկոսի կարծիքով էլ` հանրահավաքների արդյունքում իշխանությունները բանակցություններ կվարեն եռյակի հետ ու ըստ այդմ կառաջարկվի իշխանական լծակներ:
Ա.Նավասարդյանը տեղեկացրեց, որ հարցվածների 9 տոկոսը եղել է այն կարծիքին, որ եռյակի բազմամարդ հանրահավաքները իշխանությանը հրաժարական տալ կստիպեն, իսկ 6 տոկոսը ընդհանրապես այն կարծիքին է եղել, որ այդ ամենի արդյունքում իշխանությունները բանակցություններ կառաջարկեն, բայց եռյակը չի համաձայնվի ու կմերժի նրանց:
Հարցվածների 61 տոկոսը կարծիք է հայտնել, որ եռյակում ֆինանսական առաջնորդը հանդիսացել է «Բարգավաճ Հայաստանը», բացի այս` գաղափարական լիդերությունն էլ, ըստ հարցվածների, եղել է ԲՀԿ-ինը` 35 տոկոսն է այդ կարծիքին եղել: Ամենից թույլ դիրքերն ունեցել է «Ժառանգությունը», որին գաղափարական առաջնորդ է համարել հարցվածների միայն 9 տոկոսը, իսկ ֆինանսական առաջնորդի դերում տեսել է հարցվածների միայն 3 տոկոսը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերջինիս գաղափարական առաջնորդ է համարել հարցվածների միայն 15 տոկոսը:
Նշենք, որ հարցումն անցկացվել է նոյեմբերի 20-27-ն ընկած ժամանակահատվածում: