06/03/2015 13:23
Կ. Քոչարյան. Երեկ Գագիկ Ծառուկյանի ամենաերջանիկ օրերից մեկն էր
Այսօրվա ԲՀԿ-ն կուսակցական առումով ավելի քաղաքական է, քան՝ Գագիկ Ծառուկյանի օրոք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով վերջին ներքաղաքական զարգացումների մասին, նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ու թեև քաղտեխնոլոգն այս կարծիքին է, նրա գնահատմամբ, սակայն, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ ուժն այսուհետև շատ ավելի թույլ կլինի: «Քաղաքական դաշտը վաղուց արդեն փոշիացած է և այդ դաշտում այլևս չկան լուրջ քաղաքական խաղացողներ: Ով ասես կա՝ բիզնես պրոյեկտներ, անկապ պրոյեկտներ»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, թե դրա պատճառն այն է, որ այսօր բացակայում են ինչպես գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները, այնպեսլ էլ՝ գաղափարախոսությունն առհասարակ:
«Քաղաքական դաշտում պոպուլիզմն է գերիշխում, սակայն քաղաքական դաշտը բարեգործական հիմնարկ չէ, և խոսքը վերաբերում է ոչ միայն ԲՀԿ-ին, այլև՝ բոլորին: Այսօր քաղաքականությունը վերածվել է բիզնեսի»,-հավելեց Կ. Քոչարյանը:
Անդրադառնալով արդեն ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ քաղտեխնոլոգը տեսակետ հայտնեց, որ երեկ նրա ամենաերջանիկ օրերից մեկն էր, քանի որ նա հայտարարեց՝ հեռանում է ակտիվ քաղաքականությունից: «Հաշվի առնելով նման ձևով հեռանալը, կարելի է Գագիկ Ծառուկյանի այդ որոշումը դրական քայլ համարել: Նա, ըստ էության, հաջողակ մարդ է, որը մեծ հաջողություններ ունի բիզնեսում, սակայն քաղաքականության մեջ նա անհաջողակ էր: Նրան բերել մտցրել էին քաղաքականության մեջ, և նա տանջվում էր: Հիմա, կարծում եմ, որ նա երջանիկ է, քանի որ կարող է զբաղվել իր սիրած գործով»,- ասաց նա՝ շեշտելով, որ մեծ քաղաքականությունը ունի խաղի իր կանոնները, որով Գագիկ Ծառուկյանը չէր կարող առաջ շարժվել:
«Շախմատում ասում են, եթե կպել ես, պետք է խաղաս, երբ մտել էր արդեն, պետք է խաղար: Նրան այնքան ասացին, որ կարող ես խաղալ, որ ինքն էլ հավատաց, բայց ոչինչ չստացվեց»,-ասաց նա: