26/03/2015 14:14
Բագրատյանը բարկացած է. Իր մշակած օրենքներից մինչև սահմանադրական բարեփոխումներ՝ ժամանակը սպառվեց
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր իր ելույթի ուղիղ 3 րոպեն նվիրեց պառլամենտարիզմին: Ու թեև քննարկվում էր ՏՄՊՊՀ 2015 թվականի ծրագիրը, ՀԱԿ խմբակցության պատգամավորը հիշեց հին ժամանակները: Նա հիշեց ԱԺ նախագահի ընտրությունները և հայտարարեց. «Երբ ընտրում էին Գալուստ Սահակյանին, ես նրան չընտրեցի, թեև շնորհավորեցի: Նա ծրագիր չուներ: Ես 24 օրենք եմ գրել, ոչ մեկը դեռ չի մտել օրակարագ»,- դժգոհեց Բագրատյանը` հավելելով, որ դա սահմանադրական կոպիտ խախտում է:
«Դրանք պակաս կարևոր չեն, քան մնացած ձեր ընդունած բոլոր օրենքները: Եթե ընդունեինք օֆշորի մասին օրենքը, վալյուտայի հետ այդպես չէր լինի: Էքսպորտի 1.5 միլիարդը չի նստում բանկերի հաշվիներին: Ոչ մեկը չեք ուզում քննարկեք, ինքներդ էլ, կներեք, բայց քայլեր չեք կատարում»,- նեղսրտեց Հ. Բագրատյանը:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորն անդրադարձավ ոչ միայն պառլամենտարիզմին, այլև ամփոփեց Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը, խոսեց կառավարությունից և հասավ ընդհուպ սահմանադրական բարեփոխումներին:
«Պալամենտարիզմն էն չի է, որ պրեզիդենտի պաշտոնին կպնեք կամ չկպնեք: Եթե խոսում ենք պառլամենտական համակարգի մասին, պետք է բոլոր օրենսդրական փաթեթները ընդունվեն օրենքի ձևով, իսկ այսօր կառավարությունն է ընդունում որոշումներ: Կառավարությունը չի կարող ընդունել որոշումներ, չունի նաև կարգ սահմանաելու իրավունք: Սահմանադրություն փոխելու մասին խոսողները գոնե գաղափար ունե՞ն, թե ինչ է նշանակում Սահմանադրությունը կամ պառլամենտական հանրապետությունը: Չունեն»,- ինքն իր հարցին պատասխանելով՝ ասաց պատգամավորը:
Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ Հ. Բագրատյանը ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ զրոյացել է. «Թվեր է, որ գրվում են: Հանապետությունը մարում է, մա-րում: Տասը տարի է նստել ենք ՀՆԱ-ի 10 մլդ դոլարի վրա: Բա կանչեք, պատժեք կուտակայինի հեղինակներին: Բա ինչի՞ ներդրումները չավելացան: Ի՞նչ եղավ էս պետությանը, ո՞ւր գանցին էս փողերը… Ազատ առևտրի ռեժիմով աշխատում էիք, աշխատեիք էլի… Ես դրա իրավունքը չունեմ, բայց ով ասեց, որ գնաք ԵՏՄ….»:
Խոսելով գրեթե ամենինչից, բայց ոչ ՏՄՊՊՀ 2015-ի ծրագրից՝ Հ. Բագրատյանի ելույթի ժամանակը սպառվեց, խոսափողն անջատվեց: