01/04/2015 12:37
«Հայաստանում աղանդների քայքայիչ գործունեություն ծավալելու համար խոչընդոտներ չկան»
Եթե մի երկրում կրոնական կազմակերպությունը սպառնում է ազգային անվտանգությանը, փակում են, իսկ մեզ մոտ վախենում են՝ Եհովայի վկաներն աղմուկ բարձրացնեն և ԵԽԽՎ ինչ-որ զեկույցում Հայաստանի ժողովրդավարությունը հարցականի տակ դնեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում աղանդների քայքայիչ գործունեություն ծավալելու համար խոչընդոտներ չկան, քանի որ դրանք չեն ենթարկվում ոչ մի հասարակական, պետական ինստիտուտի, մերժում են Հայաստանի Սահմանադրությունը, իսկ ոստիկանությունը չի խոչընդոտում նրանց գործունեությանը:
Ասուլիսին մասնակից «Հայաստանի Սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի խոսքով՝ ինքը վարչական պատասխանատվության է ենթարկվել փողոցում Եհովայի վկաների տեղադրած ստենդի առջև «Հայր մերը» կարդալու համար:
Ռ. Ահարոնյանն ասաց, որ իրենք չեն դիմել Հայ առաքելական եկեղեցուն, չեն էլ դիմի իրենց պայքարին միանալու համար, քանի որ իր կարծիքով՝ եկեղեցին պետք է խնդրի իրենց: