02/04/2015 13:11
Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է. Հիշենք մեր վրիժառուներին
Այսօր ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է, նա ծնվել է 1897թ-ի ապրիլի 2-ին: Սողոմոն Թեհլերյանը հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ է, ի կատար է ածել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը: Սողոմոն Թեհլերյանը 1912թ. ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը, 1918-1919թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:
1913թ. մեկնել է Եվրոպա՝ ուսումը շարունակելու, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մեկնել է ռազմաճակատ, կռվել Անդրանիկի ջոկատում: 1918թ. վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս:
1919թ. մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա Կոստանդնուպոլիս: 1919-1920թթ. Կոստանդնուպոլսում տեղի է ունեցել երիտթուրքերի դատավարությունը: Հայերի տեղահանության ու ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային հեռակա դատապարտել են մահվան:
Շահան Նաթալիի նախաձեռնությամբ ստեղծվել է «Նեմեսիս» ահաբեկչական գործողության ծրագիրը, որը կարճ ժամանակամիջոցում իրագործել են Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թոռլաքյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը:
Որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթից՝ Թեհլերյանը որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում: 1921թ.-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել երիտթուրքերի հանցավոր քաղաքականությունը:
Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա, մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունն, ըստ էության, վերածվել է Թալեաթի և Մեծ եղեռնի մյուս կազմակերպիչների դատի:
Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է դատ հարուցել Թուրքիայում 1912-1915թթ. Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության համար: