17/04/2015 18:14
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Սև ապրիլ» նախագծի մեծամասշտաբ նկարահանումներ են իրականացնում
Վաղը՝ ժամը 20-30-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի կունենա ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի համատեղ «Սև ապրիլ» նախագծի Remember երգի տեսահոլովակի մեծամասշտաբ նկարահանումը: Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի լրատվական ծառայությունից: Երգը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մինչ այս տեղի է ունեցել համահայկական ֆլեշմոբ. սփյուռքի հայկական երգչախմբերը կատարել են երգը տարբեր երկրների խորհրդանշաների առջև, որոնք ևս օգտագործվելու են տեսահոլովակում:
Կայանալիք նկարահանման ընթացքում ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական երգչախմբի գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ հնչող կատարման ընթացքում տեղի կունենա ֆլեշմոբ, որին կմասնակցի 300 ուսանող:
«Սև ապրիլ» նախագծի նպատակն է երաժշտության միջոցով հիշեցնել մեր պահանջի մասին և կոչ անել աշխարհին բացառել ցեղասպանությունները: