18/04/2015 17:55
Արտաքին պարտք. Ռիսկայնությունը և վարկերի օգտագործման արդյունավետությունը
Հայաստանի արտաքին պետական պարտքի մասին դատողություններում քիչ չեն կարծրատիպերը: Դրանք առավելապես առնչվում են պարտքի չափին և ստացված վարկերի օգտագործման արդյունավետությանը:
Առաջինի մասին խոսելով՝ նշենք, որ արտաքին պարտքի մեծ, կամ որը նույնն է՝ ռիսկային լինելը պայմանավորված է երկու հիմնական գործոններով` համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) և տնտեսական աճի ցուցանիշով:
Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը մինչև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ 2008-ին, կազմում էր 1 մլրդ 577 մլն դոլար:
Հաջորդ` 2009 թվականին այն գրեթե կրկնապատկվեց: Դա պայմանավորված էր հայաստանյան տնտեսության վրա ճգնաժամի բացասական անդրադարձով: Դրա հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը կա՛մ պետք է ծախսերը (սոցիալական, առողջապահական և այլն) կրճատեր կա՛մ գումար պարտք վերցներ: Նման իրավիճակում արդարացված է ընտրել վերջին տարբերակը:
Մինչև 2013-ը Հայաստանի արտաքին պարտքի բեռը շարունակում էր ավելանալ, իսկ 2014-ին այն փոքր ինչ` մոտ 3 տոկոս նվազելով, կազմել է 3 մլրդ 785 մլն դոլար: Առաջինը` արտաքին պարտքի մեծ կամ ռիսկային լինելն է, երբ այն գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը:
Մեր համախառն ներքին արդյունքը դոլարային արտահայտությամբ 2014-ին եղել է մոտ 1,1 տրլն դոլար, ինչը նշանակում է, որ 3,785 մլրդ դոլար արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի մոտ 35 տոկոսը: Երկորդը երկրի տնտեսական աճի ցուցանիշն է:
Սկսած 2010-ից, Հայաստանը 4,2 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ է արձանագրում: Այսպիսով, վերոնշյալ երկու չափորոշիչների պատկերը նկատի ունենալով, պետք է փաստել, որ չի կարելի խոսել մեր երկրի արտաքին պարտքի մեծ կամ ռիսկային լինելու մասին:
Այժմ վերցվող գումարների արդյունավետության մասին:
Բնական է, միանշանակ պնդել, թե Հայաստանի անկախության 24 տարիներին վերցված բոլոր պարտքերը արդյունավետ են ծախսվել, անմտություն է: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ 90-ականներին եղել են ակհայտ ձախողված վարկային ծրագրեր, ինչն էլ վարկերի անարդյունավետ ծախսման մտայնությունն է ստեղծել մեր բնակչության մոտ: Պարզապես անդրադառնանք այս տարվա ընթացքում Հայաստանի կառավարությանը տրված վարկերին և ներկայացնենք, թե դրանք ինչ նպատակներով են ծախսվելու:
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև, հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգման նպատակով կնքված համաձայնագրով, ռուսական կողմը մեզ է տրամադրելու 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ` անհատույց օգնություն:
Սա կոնկրետ ուղղվածություն ունեցող գումար է, որի արդյունքը` ատոմակայանի աշխատանքի շահագործման երկարացումը տեսանելի է լինելու բոլորի համար:
2. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար, Եվրասիական զարգացման բանկը 150 մլն դոլար ներդրումային վարկ է տրամադրելու Հայաստանին:
Օրերս կնքված այս համաձայնագրով՝ ստացվող գումարը նույնպես կոնկրետ` ճանապարհի կառուցման նպատակով է ծախսվելու:
3. Համաշխարհային բանկը 52 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» իրականացման համար: Ծրագրի ընդհանուր արժեքը 69 մլն դոլար է, որից 17 մլն դոլարը կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Վարկի ծախսման երկու հիմնական ուղղություներն են` Աշնակի և Երևանի ՋԷԿ-ի ենթակայաների հիմնանորոգումը:
Աշնակի ենթակայանը սպասարկում է 120 հազար, իսկ Երևանի ՋԷԿ-ինը` մոտ 1 մլն էներգիա սպառողների: Այս տվյալները նույնպես վկայում են, որ տրամադրվող վարկն ուղղակի ազդեցություն կունենա կոնկրետ ոլորտի` երկրի էներգետիկայի անվտանգությանը և հուսալիությանը:
4. Շուրջ 500 մլն դոլար ծավալով արտարժութային պարտատոմսերի թողարկումը, որից 200 մլն դոլարն ուղղվեց նախորդ թողարկման արդյունքում ձևավորված պարտքի մի մասի մարմանը և 2 տարով հետաձգվեց ընդհանուր պարտքի մարման ժամկետը:
Մնացած մասն ուղղվեց դարձյալ նպատակային ուղղություններով` կայունացման դեպոզիտային հաշվին և 2015 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը: