20/04/2015 15:38
«100 բարձ ապրելու համար», որովհետև բարձը միայն քնելու համար չէ
Օրեր առաջ մեկնարկեց լրագրող ամուսիններ Զավեն Վարդանյանի և Արփինե Պողոսյանի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ իրականացված «100 բարձ ապրելու համար» խորագիրը կրող նախագիծը:
Ամուսինները պատրաստել են 100 խորհրդանշական բարձեր, որոնց վրա ասեղնագործել են Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 600 մտավորականներից 100-ի անունները` նշելով տվյալ անձի մասնագիտությունը, ինչպես նաև ճանաչված մտավորականների ոգևորող, հույս և կյանք ներշնչող խոսքեր:
Բարձերը հանձնվեցին Սփյուռքի նախարարությանը, որպեսզի նվիրվեն Սփյուռքում հայանպաստ գործունեություն ծավալող հայ և օտար անհատականություններին: Ծրագրի մեկնարկը տրվեց առաջին` Կոմիտասի անունը կրող բարձը նվիրելով Կոմիտաս թանգարան-ինստիտուտին: Երկրորդ բարձը, որը կրում էր հասարակական գործիչ Իշխանի (Նիկողայոս Պողոսյան) անունը, նվիրվեց հարյուրամյա հասարակական լայնամասշտաբ գործունեություն ծավալող Հայ օգնության միությանը` հանձնելով այն Միության Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանին:
«Նախագծի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին խորհրդանշական, անվանական բարձերի տեսքով լույս սփռել Ցեղասպանությանը զոհ գնացած մտավորականներից գոնե 100-ի անունների վրա, անձինք, որոնք ապրեցին ու արարեցին հանուն մեր ժողովրդի, որոնց կիսատ մնացած գործերի ու դատարկ մնացած բարձերի համար պետք է պահանջատեր լինենք այսօր: Ծրագրի շրջանակներում դատարկ մնացած անվանական բարձերը ասեղնագործել ենք դեպի լույս ու հաղթանակ տանող մտքերով, որոնց շնորհիվ հայ ժողովուրդն ապրեց ու դեռ պիտի շարունակի ապրել ու բազմանալ»,-ասում է նախագծի համահեղինակ Արփինե Պողոսյանը:
Ինչո՞ւ բարձ, որովհետև բարձը խորհուրդ ունի… «Գլուխ» ունեցողների համար բարձը միայն քնելու համար չէ: Լուրջ մարդիկ իրենց գլուխը բարձին դնելով` մտածում են կարևոր հարցերի, օրինակ` Հայրենիքի մասին, ինչպես խորհուրդ է տալիս Զորավար Անդրանիկը: Նվազագույնը` գլուխը բարձին դնելով` օրը ամփոփող մտքեր ենք ունենում: Ավելին, հայերի համար բարձը, հատուկ նշանակություն ունենալով, ներառվել է բարեմաղթանքների ու դարձվածքների մեջ. Խորանի առջև կնքահայրը Խաչի և Ավետարանի տակ է պահում հարսի ու փեսայի գլուխները, որպեսզի նրանց շնորհվի մեկ բարձ ունենալու իրավունք: Հայտնի է` մի բարձի ծերանաք, գլխիս տակ փափուկ բարձ չդնես խոսքերը և այլն:
Հարկ է նշել, որ ծրագրի ողջ ծախսերը հոգացել են լրագրող ամուսինները, բարձերը նվիրվում են և վաճառքի ենթակա չեն:
Հ.Գ. Գլուխը բարձին դնելուց առաջ` մի պահ մտածեք, եթե ոչ Հայրենիքի, ապա մեկ այլ լավ բանի մասին: Իսկ եթե միայն ռեյտինգի մասին պիտի մտածեք և այդ մոլուցքով տարված` ձախողված փորձեր կատարեք, պղտորելով ամենաազնիվ գործն անգամ, ապա ավելի լավ է չմտածեք, և թող Ձեր բարձերը միայն քնելուն ծառայեն…