21/04/2015 15:37
Վարդան Պետրոսյանի գործով մեղադրողն ու տուժող կողմը խիստ պատիժ են պահանջում
Այսօր Վերաքննիչ դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում մեղադրողը պահանջեց բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և դերասանին որպես պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի ժամկետով՝ 3 տարով զրկելով վարորդական իրավունքից:
Մեղադրողի խոսքով՝ դատավճիռը անհիմն է, քանի որ շատ մեղմ պատիժ է նշանակված այն դեպքում, երբ ամբաստանյալը հանցավոր ինքնավստահություն է ցուցաբերել՝ մեքենան վարելով արագ և դրա ընթացքում խոսելով հեռախոսով, ինչը դատարանի կողմից որևէ ուշադրության չի արժանացել:
Տուժած կողմի՝ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը ևս միջնորդեց խիստ պատիժ նշանակել Վ. Պետրոսյանի նկատմամբ, նաև բավարարել Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերի փոխհատուցման մասով քաղհայցը:
Փաստաբանը ասաց, որ Տ. Հակոբյանը ունի մեկուկես տարվա ինտենսիվ բուժման կարիք, ԱՊՊԱ-ն չի փոխհատուցում բուժման ծախսերը, իսկ առաջին ատյանի դատարանն էլ քննության չառավ քաղհայցը, որով դատարանը Վարդան Պետրոսյանին կպարտավորեցներ վճարել Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը:
Փաստաբանը ասաց, որ չնայած Վարդան Պետրոսյանը 20 000 դոլար է տվել Հակոբյաններին, սակայն դա որպես օգնություն են տվել, ինչը վրդովեցրեց դահլիճում նստած Վարդան Պետրոսյանի հարազատներին:
Արթուր Հակոբյանը ասաց, որ սպանել են իրենց երեխաներին, հետո էլ ասում են՝ լավություն են արել, իսկ Նաիրա Հայրապետյանը դատարանին ներկայացրեց ձայնասկավառակ, որտեղ իրենց և Վարդան Պետրոսյանի հարազատների հանդիպման ձայնագրությունն էր, որտեղից հասկացվում է, որ Վ. Պետրոսյանի հարազատները գումարը տվել են գերեզմանի ծախսերի համար: