17/03/2015 13:36
Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է ապրիլի 1-ին
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի դատական նիստը նշանակվել է ապրիլի 1-ին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նախագահող դատավորն է Հենրիկ Տեր-Ադամյանը, ինչպես նաև դատավորներ Մհեր Արղամանյանը և Արարատ Պետրոսյանը։
Վերաքննիչ բողոք են ներկայացրել մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով՝ «մասնակիորեն` պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Պետրոսյանի /ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով - ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով / վերաբերյալ 29.01.2015թ. դատավճիռը` Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ավելի խիստ պատիժ»:
Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը: Նա էլ պահանջում է՝ «բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Պետրոսյանի /ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով - ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով / վերաբերյալ 29.01.2015թ. կայացված դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով և նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով: Բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. կայացված դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժի մասով և նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով: Բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. կայացված դատավճիռը` հայցի մասով , ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը»:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Վ. Պետրոսյանը դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով 2 տարի ժամկետով:
Վ. Պետրոսյանի գործով դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ասել էր.
«Մենք գիտենք, որ համաներման ակտերի ժամանակն է մոտենում և 5 տարվա ազատազրկման դեպքում համաներման ակտով գործը կկարճվի: Եթե տուժող կողմը հանկարծ որոշի բողոքարակել դատական ակտը, դատավորին ոչինչ չի մնա, քան դատարանի դահլիճից ազատ արձակել Վարդան Պետրոսյանին, քանի որ եթե պատիժը թողնի անփոփոխ, ապրիլին ինքն ամեն դեպքում տանը կհայտնվի: Դատավորը, փաստորեն, մերժեց քաղհայցը, որովհետև նա նյութական պահանջ չէր կարող ներկայացնել, դատավորը իրավիճակային լուծում տվեց պետության վնասի փոխհատուցման հարցին, որովհետև ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր 18 մլն, ինքը բռնագանձումը տարածեց Վարդանին՝պարտավորեցնելով վճարել 12 մլն դրամ, ինչը նշանակում է, որ պետությունը կամ ավելի քիչ գումար կստանա, քան պետք է ստանար, կամ էլ և ապահովագրական ընկերությունը պետք է 1.8 մլն դրամ փոխհատուցի և Վ. Պետրոսյանը 1.2 մլն դրամ հատուցի, ինչը նույնպես անտրամաբանակն է»: