28/04/2015 16:34
Ինչպե՞ս պետք է արտահայտվի սպառողի կողմից բժշկական որակի փաստումը. Հրանտ Բագրատյան
ԱԺ-ում բժիշկների որակավորման և սերտիֆիկացման մասին օրենքի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է արդյոք այսպիսի օրենք ընդունելը, որով որոշում են բժիշկների որակավորումը, նրանց սերտիֆիկատ տալ-չտալը. «Բա ո՞ւր մնաց շուկան: Ինչպե՞ս պետք է արտահայտվի սպառողի կողմից բժշկական որակի փաստումը: Սա այն դեպքում, երբ սպառողը պետք է լինի թիվ մեկ գնահատողը»:
Ա. Մուրադյանն էլ իր հերթին արձագանքելով ասաց, որ բնականաբար, սպառողի կարծիքը շատ կարևոր է որակը գնահատելու համար, բայց կա նվազագույն շեմ, որը պետք է ապահովի պետությունը:
Նախարարի պատասխանից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատեց Հրանտ Բագրատյանի խոսափողը, ինչը կարծես, դուր չեկավ վերջինիս, ով պահանջեց միացնել իր խոսափողը: «Ինձ էլ թվաց հրաշքներ են կատարվում, և դուք նախարարի պատասխանից բավարարված եք»,- կատակեց ԱԺ փոխխոսնակը:
Հրանտ Բագրատյանն էլ շարունակելով խոսքը հայտարարեց, որ ուզում է խոսել պարզ օրինակներով: «Ասենք՝ դուք եկել եք մեր տուն ու վերանորոգում եք իմ տան ծորակը սակայն լավ չեք վերանորոգում և ջուրը շարունակում է ծորալ, սակայն ասում եք՝ բան չկա, կարևորը վերոնորոգողը լավն էր»,- նեղսրտեց պատգամավորը, որին ի պատասխան նախարարը կրկին արձագանքեց:
«Ծորակից ծորացող ջրի օրինակը տեղին համեմատություն չէր: Ես չեմ կիսում այն տեսակետը, թե սպառողն է միանշանակ գնահատում որակը: Դա առաջին հերթին պետության դերակատարումն է»,- ասաց նախարարը: