04/05/2015 12:36
Հակոբ Ինջիղուլյանն` ԱԺ-ում. Ի՞նչ էր եկել ասելու Ն. Զոհրաբյանին
Քիչ առաջ ԱԺ-ում հանդիպեցինք նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին ու նրա եղբորը. վերջիններս հանդիպման էին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: Aysor.am-ի հետ զրույցում Ն. Զոհրաբյանն ասաց, որ Հակոբն այցելել էր շնորհակալություն հայտնելու, քանի որ գերության ողջ ընթացքում պատգամավորը ինտենսիվորեն կապ է պահպանել ընտանիքի հետ և պարբերաբար միջազգային բոլոր կառույցներում, հարթակներում ու եվրոպական կառույցների ղեկավարների առաջ բազմիցս բարձրացրել է Հակոբ Ինջիղուլյանի խնդիրը:
Ն. Զոհրաբյանը միայն նշեց, որ դա իր պարտքն է` որպես ոչ միայն միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, այլև ՀՀ քաղաքացի, որ նման ծանր պայմաններում հայտնված մեր զինվորները որևէ կերպ չվնասվեն ադրբեջանցի սադիստների կողմից, ինչպես եղել է քանիցս.
«Հակոբի ու մյուսների խնդիրը միջազգային հարթակներում բարձրաձայնելը անչափ կարևոր է, որպեսզի գոնե այդպես կարողանանք զսպել ադրբեջանական սադիստներին` ունենալով դաժան նախադեպեր` Մանվել Սարիբեկյան, Կարեն Պետրոսյան և այլն»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ շատ ուրախ է, որ Հակոբը գտնվում էր հոգեկան և առողջական բավականին սթափ վիճակում և այժմ ուսանում է Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետի նախապատրաստական բաժնում:
«Շատ կարևոր է, որ Հակոբի ոգին ու տոկունությունը տեղն էին»,- հավելեց մեր զրուցակիցը: