04/05/2015 15:31
«Հայաստանում տարեկան առաջանում է 39-40 միլիոն տոննա թափոն»
«Եվրոպան հայտարարել է «Զրո թափոն» քաղաքականության մասին. կազմակերպվում են թափոնների տոնավաճառներ. թափոնները դառնում են նոր ապրանքների արտադրության հումք: Եվրոպայում թափոնների վերամշակման փակ ցիկլ է գործում, որն էլ զգալիորեն կրճատում է վտանգավոր արտանետումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանուն մարդկային կայուն զարգացման ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում տարեկան առաջանում է 39-40 միլիոն տոննա թափոն, որից 800 հազար տոննան կազմում են կենցաղային թափոնները, մնացածն առաջանում է ընդերքշահագործման արդյունքում` պոչամբարներում:
Կարինե Դանիելյանը հավելեց նաև, որ Հայաստանում թափոնների հարցն այնքան էլ սրությամբ դրված չէ և թափոնների վերամշակման ոլորտում երկիրը հետ է մնացել քաղաքակիրթ աշխարհից:
Բնապահպան Դոլորես Ղափանցյանն անդրադարձավ Ախթալայի պոչամբարների խնդրին, նշեց, որ պոչամբարների թունավոր նյութերը լցվում են Դեբեդ գետը, իսկ գյուղացիներն իրենց ծառերը ջրում են հենց Դեբեդի ջրերով:
«Բերքն անպիտան է դառնում օգտագործման համար և դեղձ մթերող ընկերություններն ուղղակի հրաժարվում են գնել Ախթալայում աճող դեղձը»,- ասաց նա: