05/05/2015 17:02
Աբրահամյան-Ղարիբաշվիլի հեռախոսազրույցը փրկեց իրավիճակը
Անցած երկու օրերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունների համար բավական լարված իրավիճակ էր ստեղծվել, ինչը կարող էր անցանկալի հետևանքների հանգեցնել: Սակայն, ինչպես հարիր է երկու բարեկամ պետություններին, կողմերին հաջողվեց լուծման բանալին գտնել, այն է իրավիճակը, կարելի է ասել, փրկեց Հայաստանի և Վրաստանի վարչապետներ՝ Հ. Աբրահամյանի և Ի. Ղարիբաշվիլիի միջև կայացած հեռախոսազրույցը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վրացական ԶԼՄ-ները, հղում կատարելով հարավօսական լրատվական աղբյուրներին, սկսեցին տեղեկություններ տարածել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գ.Սահակյանի և Հարավային Օսիայի Աժ նախագահ Ա.Բիբիլովի միջև Ստեփանակերտում կայացած հանդիպման մասին: Իրավիճակն ավելի սրվեց վերոնշյալի կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ-ի արձագանքից հետո, ըստ որի, նշված տեղեկատվությունը հաստատվելուն պես Թբիլիսին Երևանից պարզաբանում կպահանջեր:
Դրան հաջորդեց ադրբեջանական ԶԼՄ-ների, ինչպես նաև՝ ադրբեջանական ազդեցության տակ գործող որոշ վրացական լրատվական աղբյուրների հակահայկական բնույթի ապատեղեկատվական և քարոզչական արշավը, ինչը «կրակի վրա յուղ լցնելու էֆեկտ» առաջացրեց:
Վրաստանի տեղեկատվական դաշտը համալրվեց այնպիսի վերտառությամբ նյութերով, որոնց նմանը, ըստ էության, մինչ օրս չէր հանդիպել. «Դիվանագիտական սկանդալ Հայաստանի և Վրաստանի միջև», «Հայաստանը թիկունքից հարվածում է Վրաստանին», «Երևանը ստիպված կլինի պատասխան տալ» և նմանատիպ վերտառությամբ սադրիչ բնույթի հոդվածներով ողողվեցին վրացական գրեթե բոլոր լրատվամիջոցները:
Այնուհանդերձ իրավիճակը չգնաց խորացման:
Ի վերջո, հայտնի դարձավ, որ հայ և վրացի գործընկերները, կրկին անգամ խոհեմություն դրսևորելով, ընտրեցին հարցի լուծման դիվանագիտական-քաղաքական ճիշտ տարբերակ, որի կուլմինացիան եղավ հենց Աբրահամյան-Ղարիբաշվիլի հեռախոսազրույցը: Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Վրաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրությունն առ այն, որ Հ.Աբրահամյանն իր անսասան աջակցությունն է հայտնել Ղարիբաշվիլիին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում՝ ընդգծելով, որ նշված հանդիպումը եղել է պաշտոնական ձևաչափի հետ որև է առնչություն չունեցող զուտ անձնական բնույթի շփում, առկա լարվածությունը անմիջապես թուլացավ:
Արդյունքը եղավ այն, որ վրացալեզու լրատվամիջոցները սկսեցին հարցն ավելի օբյեկտիվ տեսանկյունից ներկայացնել: Ավելին. Բիբիլովի աշխատակազմն ուղղեց իր սխալը և իրենց պաշտոնական տեղեկատվական ռեսուրսում տեղ գտած տեղեկատվությունը խմբագրելուց հետո հաղորդեց, որ տեղի է ունեցել վրիպակ:
Վերոնշյալ դեպքը հերթական անգամ փաստում է, որ հայ-վրացական համագործակցության ներկա բարձր մակարդակը, հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա ջերմ հարաբերությունները մեծ ներուժ ունեն՝ լուծելու ցանկացած խնդիր կամ հաղթահարելու ամենադժվարին խոչընդոտը՝ պարզ ու անկեղծ երկխոսության միջոցով և այնպիսի փոխվստահության մթնոլորտի պայմաններում, որոնք առավելապես դրսևորվում են Վրաստանում 2012թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ ավելի ակտիվացան և հաճախակի դարձան բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները:
Հ.Գ. Այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետն իր վրացի գործընկերոջ հետ անմիջական և ընկերական մթնոլորտում հեռախոսազրույց է ունենում, և անկեղծ զրույցի միջոցով կողմերը կարողանում են միմյանց լավ հասկանալ, ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի երկրի բարձրաստիճան պաշտոնյաները անձնական, ընկերական ջերմ հարաբերություններ ստեղծեն իրենց օտարերկրյա գործընկերների հետ: Այս առումով, տվյալ դեպքում, հաջողությունն ակնհայտ էր: