05/05/2015 20:15
Տնտեսական զարգացման վիճակն այնպիսին չէ, որ դասական սկզբունքները կիրառելի լինեն. Միրումյան
«Անկեղծ ասած՝ հետևեցի արտահայատված տեսակետներին ու քննարկումներին, որոնք այնքան հաջող չընթացան: Պետք է խոստովանեմ, որ ինձ թվաց, թե ես այլ օրենքի նախագիծ եմ ներկայցնում: Ուզում եմ նաև ասել, որ մեր օրենքը որևէ հարկային թաքստոց կամ փուլ չի պարունակում, որևէ հարկային խութ չի պարտադրում»:
Աժ-ում, «Եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, իր եզրափակիչ ելույթում այս մասին հայտարարեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Իր խոսքում նա ևս մեկ անգամ շեշտեց, որ որքան էլ կառավարության ջանքերն ուղղվում են այն բանին, որ ներդրումներ լինեն երկրում, աշխատատեղեր ստեղծվեն, այդուհանդերձ մեր հայրենակիցների մի մասը ժամանակավոր աշխատանք է փնտրում դրսում: «Երբ որ մեր քաղաքացիները անհատական կապերի շնորհիվ, մասնավոր ընկերությունների հրավերով գնում են արտագնա աշխատանքի և չեն ձևակերպում որպես վարձու աշխատողներ, այս նախագիծն իրենց չի վերաբերում: Այսինքն՝ մասնավոր համաձայնություն են ձեռք բերում և հինգ, վեց ամիս գնում են աշխատելու, նրանց չի վերաբերում»,-բացատրեց փոխնախարարը:
Նա նշեց, թե օրենքը վերաբերում է այն երկրորդ խմբին, ովքեր մեկնում են արտերկիր և արտերկրում ձևակերպում են ստանում ու աշխատանքային պայմանագիր կնքում։
«Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունից եկամտահարկը ու շահութահարկի գանձումը տվյալ երկրում է կատարվում: Այս նախագծով առաջակվում է այնպիսի մեխանիզմ, որ մեր քաղաքացիները ոչ թե գնան և այնտեղ գրանցվեն, այլ տվյալ կազմակերպությունը ստեղծվի ՀՀ-ում, որ վարձու աշխատողները պայմանագիր կնքեն մեր երկրում, բայց իրավասու լինի ընկերությունը, ոչ թե անհատները»,- ասաց նա՝ զարմանք հայտնելով, թե չի հասկանում՝ ո՞րն է օրենքի բացասական կողմը։
Միրումյանը շեշտեց նաև, որ ողջունելի կլինի պահպանել հարկային հիմնարար սկզբունքները, բայց ըստ նրա՝ այսօր տնտեսական զարգացման վիճակն այնպիսին չէ, որ տնտեսական դասական սկզբունքները կիրառելի լինեն:
«Եթե կա որևէ տեղ, որտեղից երկիրը օգուտ կարող է ստանալ, անհասկանալի է՝ ինչո՞ւ մենք չպետք է դա անենք, առավել ևս հաշվի առնելով այն, որ որևէ բեռի ավելացում, կամ մեր քաղաքացիների տնօրինող եկամուտների նվազում չի ենթադրվում»,- ասաց նա: