05/05/2015 20:00
Եկեք կառավարությանը շանս տանք. Միքայել Մելքումյան
«Եթե կառավարությունը համոզված է, որ օրենքն օգտագործվելու է, որ ստանա արդյունք, այդ շանսը պետք է տալ կառավարությանը»:
Աժ-ում, «Եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, իր եզրափակիչ ելույթում, այս մասին հայտարարեց հարակից զեկուցող, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ում համոզմամբ՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը լավ գաղափար է:
Նշենք, որ մինչ ելույթ ունենալը նա արդեն հայտարարել էր, որ ԲՀԿ-ն օրենքի այս ձևաչափին ձեռնպահ կքվերակի, քանի դեռ այն այս տեսքին է, իսկ եթե լինեն այլ փոփոխություններ, բնականաբար ԲՀԿ-ն դեմ կլինի:
Մելքումյանն իր խոսքում դիմելով Վաղթանգ Միրումյանին հայտարարեց, որ նախ պետք է լինի օրենքի գործիքակազմը, ըստ որի՝ կազմվի նաև գործողությունների հետագա ընթացքը: «Գործիքակազմը բերեք, տեսնենք ինչ ա, նոր էքսպերիմենտ անենք: Բայց եթե համոզված եք, որ այդ հատվածն ամբողջական է: Բերեք, քննարկենք ու քվեարկենք, թեև քվեարկության հարաբերակցությունը մենք գիտենք, թե ոնց է լինում: Բայց, կրկնում եմ. այնպես չանեք, որ մի քանի տարի անցնի, փոշմանենք ու նորից մեր սխալներն ուղղենք»,- հայտարարեց պատագամավորը:
Այնուհետև պատգամավորը դիմելով ընդդիմադիր պատգամավորիներին, ովքեր բոցաշունչ հայտարարություններ էին անում, հավելեց.
«Այս ամբիոնը պետք չէ տնտեսագիտական գիտելիքների գերակայությունն ապացուցելու համար օգտագործել: Բոլորս էլ գիտենք, որ տնտեսագիտության համար նոբելյան մրցանակ սահմանված չէ: Պարզապես եկեք անցնենք մեզ հստակ և ծանոթ ճանապարհներով, որպեսզի արյդուն ունենաք»,- եզրափակեց նա: