07/05/2015 10:01
Ծառուկյանի ընկերությունները սկսել են քիչ հարկ մուծել
Այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող 15 ընկերություններ։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշորագույնների մեջ ծառուկյանական բիզնեսների թիվը մեկ-երկուսով ավելի շատ էր (1000 խոշոր հարկատուների ցանկում էին, օրինակ «Կլեոպատրա» խաղատունը և «Բելեցցան»)։ Այս 15 ընկերությունները միասին 2015թ. առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 2 մլրդ 513.1 միլիոն դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 2 մլրդ 557.7 միլիոնի դիմաց։ Այս մասին գրել է «168 Ժամը»:
«Այսինքն՝ հարկերի ընդհանուր չափը նախորդ տարվա համեմատ նվազել է 44.5 միլիոն դրամով կամ 1.7%-ով։ Խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած 15 ընկերություններից 9-ը այս տարվա առաջին եռամսյակում նվազեցրել են հարկերը՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Տոկոսային առումով հարկերի ամենազգալի կրճատումը ունեցել է «Ավիա-Սերվիսը», որը զբաղվում է զբոսաշրջությամբ, ավիատոմսերի վաճառքով և ավիաուղևորների սննդի ապահովմամբ։ Ընկերությունը 66.2%-ով նվազեցրել է հարկերը՝ հասցնելով 20.6 միլիոն դրամի, և 413-րդ հորիզոնականից նահանջել 987-րդ տեղը։ Հարկերի զգալի նվազում են ունեցել նաև Hyundai մեքենաների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մագաս-ինվեստը» (-59.2%) և ձկան կերի շուկայի առաջատարներից մեկը համարվող «Մխչյան ֆիշ ֆուդը» (-58.2%)։ Ծառուկյանին պատկանող ընկերությունների թվում խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Օնիրա Քլաբ» ժամանցային կենտրոնը։ Հաշվետու ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 1 միլիարդ 182.9 միլիոն դրամի հարկեր և տուրքեր»,-հավելել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: