25/05/2015 10:52
Ծառուկյանի բիզնեսում ստուգումների արդյունքներն առաջիկայում ֆիննախը կներկայացնի վարչապետին. Գ. Խաչատրյան
Առաջիկայում Ֆինանսների նախարարությունն Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսում հարկային ստուգումների արդյունքները ներկայացնի վարչապետին, նա էլ կհրապարակի: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
«Ստուգումները միայն ֆինանսահաշվարկային ստուգումները չեն, ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք` չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ դրամարկղային ստուգումներ, որոնք անընդհատ շարունակվում են: Այնպես չի, որ միայն ֆինանսական ստուգումներ արեցինք ու վերջ: Մենք կներկայացնենք վարչապետին, ինքը կհրապարակի դուք կիմանաք»,- ասաց նախարարը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ինչպես ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ ստուգումները, այնպես էլ հարկային ստուգումները կանգ առնեն, Գ. Խաչատրյանը պատասխանեց, որ հարկային ստուգումները երբեք չեն կարող կանգնեցվել:
«Այս տարիների ընթացքում մենք երբևէ, նկատած չեք լինի, որ հարկային մարմինները որևիցե ավելորդ կամ պակաս վերլուծություններ անեն: Կլինի դա քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա, դուք երբևէ լսե՞լ եք»,- հարցադրում արեց նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսում հարկային ստուգումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի հունիս ամսին:
«Բոլոր հարցերը, որոնք կապված են Գագիկ Ծառուկյանի հետ, մենք ամփոփ կներկայացնենք: Մենք պետք է լինենք թափանցիկ ու անկեղծ և հանրությանը կիրազեկենք: Կա հանձնարարական և պետք է ներկայացնենք այն հանրությանը: Հարցնելու կամ թաքցնելու որևէ բան չունենք: Վստահ եմ, որ մինչև հունիսի սկիզբ կունենաք այդ տեղեկությունները»,- ասել էր վարչապետը: