20/05/2015 18:39
Գագիկ Ծառուկյանի հետ կապված բոլոր հարցերն ամփոփ կներկայացնենք. Վարչապետ
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ամփոփվե՞լ են Գագիկ Ծառուկյանին պատկանող կազմակերպություններում ստուգումների արդյունքները և եթե այո, ապա ինչո՞ւ հանրությանն այդ մասին չի իրազեկվում:
«2015 թվականի փետրվար ամսին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում, խոսելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «շարունակվում են օդում կախված մնալ այն հանցագործությունները, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյան անձի հետ: Վաղը հրավիրելու եմ ԱԱԽ նիստ, որտեղ իրավապահների հետ խորհրդակցելու եմ, թե ինչպես վարվել նրա հետ: Տարիներ ի վեր շարունակում են չստուգված մնալ միլիարդավոր հարկերը,տարեցների կենսաթոշակների ու երիտասարդների երիտասադների համար, այսպես ասած, չակերտավոր բարեգործությունները»: Ուզում եմ իմանալ, այս չստուգված լուրերի իսկությունը ճշտվել է, թե՞ ոչ: Եվ քանի որ եղել է հանձնարարություն, համապատասխան մարմինները մինչև վերջ ստուգումներ իրականացրել են, թե՞ ոչ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ այսօր էլ Գագիկ Ծառուկյանի կազմակերպությունում ստուգումները շարունակվում են, իսկ դրանց ավարտից հետո հանրությանն անպայման կիրազեկվի:
«Մենք ներկայացրել ենք մի շարք ձեռնարկություններ, որտեղ պետք է իրականացվեն ստուգումներ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ինձ անձամբ խոստացել է մինչև մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ ներկայացնել բոլոր այդ հաշվետվությունը: Եթե տեղյակ եք, մենք արդեն 25-30 մլդ ստվերից դուրս ենք բերվել և այն բյուջեում է»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ Գագիկ Ծառուկյանը կամ մյուսները մեղավոր են, ապա պատասպնատվության են ենթրակվելու:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առաջ: «Դուք արդեն ասացիք, որ մայիսի վերջին կլինեն արդյունքները: Ես գրավոր կներկայացնեմ, որպեսզի հաջորդ քառօրյայում այդ հաշվետվությունն ընդգկվի»,- ասաց պատգամավորը:
Վարչապետն արձագանքեց, թե կառավարությունը միտված չէ որևէ մեկին ահաբեկել և դրանք պատրաստ լինելուն պես հանրությանը կներկայացվի:
«Բոլոր հարցերը, որոնք կապված են Գագիկ Ծառուկյանի հետ, մենք ամփոփ կներկայացնենք: Մենք պետք է լինենք թափանցիկ ու անկեղծ և հանրությանը կիրազեկենք: Կա հանձնարարական և պետք է ներկայացնենք այն հանրությանը: Հարցնելու կամ թաքցնելու որևէ բան չունենք: Վստահ եմ, որ մինչև հունիսի սկիզբ կունենաք այդ տեղեկությունները»,- եզրափակեց վարչապետը: