26/05/2015 17:43
Սուրիկ Խաչատրյանն անփոխարինելի՞ է. Հարց նախարարին
2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությանը ներկա չէր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում փոխարեն, սակայն, ներկայացել էր նրա տեղակալ:
Լրագրողների հետ զրույցում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հայտնեց, որ Սուրիկ Խաչատրյանն այս անգամ չի ներկայացել, քանի որ ունի առողջական խնդիրներ: «Ինքը մի քիչ վատ էր զգում. սիրտը լավ չէր: Ես թույլ տվեցի, որ գնա, բայց տեղակալն այստեղ է»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, թե մարզպետը չի խուսափում հանրության աչքին երևալուց, այլապես նա նախարարություն էլ չէր ներկայանա:
Լրագրողի ճշտող հարցին, թե խոսե՞լ է մարզպետի հետ վերջին իրադարձություններից հետո, Արմեն Երիցյանը նշեց, թե խոսելու բան չկա, և որ ինքն ամեն օր, համարյա օրը մի քանի անգամ խոսում է նրա հետ: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի դեմ իրագործված մահափորձին, նախարարը նկատեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննությունը շարունակվում է: «Կսպասենք նախաքննության ավարտին, նոր հետևություններ կանենք: Ժամանակին իմ նկատմամբ էլ է եղել մահափորձ Քանաքեռի բաժանմունքի պետ եղած ժամանակ»,- հավելեց նա:
Հարցին՝ չի անհանգստացնում նախարարին այն, որ իր ոլորտում կա մեկը, ում ուզում են սպանել, Ա. Երիցյանը պատասխանեց. «Չէ, գիտեք, եկեք, չասենք՝ կա մեկը, ում ուզում են սպանել: Առաջին հերթին ով ուզում է սպանել, մենք պետք է հայտնաբերենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ Սուրիկ Խաչատրյանն իրականում անփոխարինելի կա՞դր է, Արմեն Երիցյանը պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան. «Ոչ մեկս էլ անփոխարինելի չենք»:
Նախարարը համոզված է նաև, որ ոչ Սուրիկ Խաչատրյանը, ոչ էլ առավելևս նրա որդի Տիգրան Խաչատրյան ոչ մի արատավոր բան թույլ չեն տվել: Նրա խոսքով՝ ինքը կամ իր որդիները սկանդալային միջադեպերի մեջ խառնված չեն եղել:
«Կան իրավապահ մարմիններ, կա քրեական գործ, որի շրջանակներում այդ ամենը պիտի պարզվի: Սխալ է հետաքննության ու նախաքննության աշխատանքներին խանգարել ու տալ գնահատական»,- հավելեց նախարարը:
Հարցին՝ ինչո՞ւ են իրավապահ մարմիններն ու իշխանությունները անընդհատ ներում Ս. Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին, նախարարը կարծիք հայտնեց, որ իրավապահ մարմինները նորմալ աշխատում են, և իրենց կողմից արված աշխատանքը ցույց կտա,թե ինչ է տեղի ունեցել իրականում. «Եթե Սուրիկ Խաչատրյանը մեղք ունի, ի սեր Աստծո, թող պատժվի, եթե մեղք չունի, եկեք, չմեղադրենք մարդուն»:
Ինչ վերաբերում է հարցին, թե այդ մահափորձը բեմականացված է եղել, նախարարը նշեց, որ այդպիսի բանն անհնար է: «Այդպիսի բան նորմալ մարդը չի կարող անել: Ես գտնում եմ, որ եղել է իրոք մահափորձ, և պետք է բացահայտվի»,- եզրափակեց նախարարը: