26/05/2015 12:12
Քաղաքապետի թեկնածուն բորբոքվեց. Դա իմ անձնականն է, դա իմ ներքին խնդիրն է ու ոչ մեկին չի վերաբերում
Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 22-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին սնանկ ճանաչելու հայցադիմումով: Վերջինս, սակայն, բորբոքվեց մեր հարցից, թե ինչպես նա կմեկնաբանի ստեղծված իրավիճակը.
-Բայց ինչու եք ինձ այդ հարցով զանգում, ձեզ ինչի է հետաքրքրում իմ վիճակը ֆինանսական, ով է ձեզ ուղորդել, որ ինձ զանգեք այդ հարցով…
-Պարոն Հարությունյան, Դուք քաղաքապետի թեկնածու եք, ինչպե՞ս կարող է, որ ինձ, որպես լրագրողի, չհետաքրքրի այս փաստը:
-Բայց դա վերաբերում է իմ անձնականին, դա չի վերաբերվում քաղաքապետի թեկնածությանը:
-Սխալվում եք: Եթե ես Ձեզ պատրաստվում եմ ընտրել, ես վստահ չլինե՞մ, որ Դուք չեք պատրաստվում Աբովյանի փողերով Ձեր պարտքերը փակել, կներեք իհարկե:
-Լա՜վ էլի..
-Ես Ձեզ ընդամենը հարց եմ տալիս՝ ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակում, արդյոք համարում եք, որ հայցադիմումը հիմքեր ունի, իսկ Դուք ինձ մեղադրանքներ եք ներկայացնում:
-Ինչ կապ ունի բայց իմ…. Այդ ո՞ր մեկն է այս երկրում, որ աշխատող մարդն է, որ վարկեր չունի՞: Վարկեր նրանք չունեն, ովքեր պաշտոնատար անձիք են, եսիմ ինչ-ինչ ճանապարհներով գումարներ են աշխատում, վարկ իրենց պետք չի վերցնել: Մաքուր աշխատել եմ մինչև հիմա, վարկով նորմալ, ոնց որ նորմալ բնակիչ այս երկրի, դա դուք անվանեցիք արդեն ինչ-որ մի հատ խնդիրներով եսիմ ինչ…
-Ես չանվանեցի. Ձեր դեմ հայցադիմում է ներկայացված, որը հրապարակված է կոնկրետ կայքում, այսինքն սա փակ տեղեկատվություն չի:
-Դա իմ անձնականն է, դա իմ ներքին խնդիրն է ու ոչ մեկին չի վերաբերվում: Ոչ մեկին: Դա իմ անձնական խնդիրն է, իմ ներքին խնդիրն է դա, ոչ մեկ խնդրում եմ թող նման հարցեր չտա ինձ: Դուք կարող եք ինձ հարցեր տալ իմ քարոզարշավից, իմ ծրագրերից, բայց ոչ թե՝ զանգել ինձ ասում եք «Առէկսիմբանկը» հայցադիմում է ներկայացրել… Ոնց որ գաք իմ տուն ասեք էս վազը ինչի է այստեղ դրած:
-Պարոն Հարությունյան, եթե Դուք պատրաստվում եք դառնալ քաղաքապետ, Ձեր անձնական հարցերն է, սովորեք, հետաքրքրելու են հանրությանը: Առավել ևս նման կարգի:
-Նայեք: Բոլորն այս երկրում, նորից եմ կրկնում, նորմալ, աշխատող մարդիկ ունեն վարկեր: Եթե ես գողացած ինչ-որ բանով ստեղծած լինեի այս ամենը, ես չէի ունենա վարկ: Այդ որ ներկայացնում են իմ մասին, եթե ես այդքան վատ մարդ լինեի, վատ մարդկանց շարքին դասվեի, ես այսօր վարկ չէի ունենա, լիքը մարդկանց կասեի՝ հա, դուք ճիշտ եք, նրանցից ֆինանսներ կվերցնեի, գործերս առաջ կտանեի ու ոչ էլ կընկնեի բանկերով ինչ-որ խնդիրների մեջ:
-Բայց մյուս կողմից ֆինանսական Ձեր ներկայիս վիճակը կարող է լինել բիզնեսը վատ կառավարելու հետևանք, իսկ Դուք քաղաքապետ եք հավակնում դառնալ:
-Ես ոչ թե վատ եմ կառավարել, այլ այս երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակն է այդպիսին… Բոլորն էլ վարկ են վերցրել, բայց բոլո՞րն են կարողանում այն մարել, հա՞:
-Ամեն դեպքում Ձեր դեմ սնանկության հայց է ներկայացվել:
-Ինչի՞ց եղավ այս ամեն ինչը: Անվճար ավտոբուսները, երբ մարդկանց անվճար տեղափոխում են, բնական է ես չեմ կարողացել այս տարիների ընթացքում մուծել իմ հասանելիք վարկի չափը և առաջացել է խնդիր պարտքի հետ: Այդքան բան: Ես ամեն օր իմ գործն անում եմ, մարդիկ աշխատում են, որպեսզի ամեն ինչ կարգավորեն: Դա իմ ներքին, դա իմ տան խնդիրն է…. Եվ հետո այդ ինչ եք պատկերացնում՝ ես նստեմ քաաղքապետ ու… փաստորեն դուրս է գալիս, որ ով նստել է քաղաքապետ իր ամեն ինչը դիզել է այս քաղաքապետարանի հաշվի՞ն:
-Այդ Դուք ասացիք, ես չասացի:
-Փաստորեն այդ մարդկանց պետք է հարց տալ՝ մինչև այսօր ով եղել է քաղաքապետ ու իրենց ֆինանսական վիճակը շատ լավ է, դուրս է գալիս, որ իրենք գողացել են մեր փողերը: Ես չեմ գողացել ու չեմ պատրաստվում գողանալ: Ես այստեղ եմ ապրում, այս մարդկանց մեջ եմ ապրում, իսկ ովքեր այստեղ չեն ապրում՝ իրենց համար միևնույն է, թե ինչ կլինի այս քաղաքի հետ…