26/05/2015 13:47
«Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ»
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր ներկայացրեց 2014թ-ի ֆինանսական հաշվետվությունը: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:
«Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի և կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ շեշտելով, որ ՀՀ բանկային համակարգի ռիսկերից էական տեղ է զբաղեցրել վարկային ռիսկը:
Նա ներկայացրեց 2014 թվականի ընթացքում ՀՀ տնտեսության և ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը, որոնք պահպանվել են, իսկ միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների, ՀՀ-ի կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքին տնտեսական աճի նվազմանը:
«2014 թվականին անվանական ՀՆԱ-ի աճի նկատմամբ բանկային համակարգի հիմնական հաշվեկշռային ցուցանիշներն աճել են առաջանցիկ տեմպերով, ինչի արդյունքում արձանագրվել է բանկային համակարգի միջնորդության աճ»,-ասաց Անդրանիկ Գրիգորյանը: