26/05/2015 16:21
Ն. Զոհրաբյանը՝ Կ. Արեյանին. Դիակի վրա պահպանման ծախսեր կատարելը բացարձակապես անօգուտ է
Քանի մարդ դեռ պետք է մահանա, քանի ճակատագիր դեռ պետք է խեղվի, որպեսզի մենք սա համարենք ռազմավարական խնդիր ու գումարներ ուղղենք՝ որոշ տեղերից նաև կտրելով՝ հասկանալով, որ քաղաքապետարանը այդ ծավալների գումարներ չունի ողջ վերելակային համակարգը վերանորոգելու համար: Բայց հասկանալով, որ սա առաջնային է այս գլոբալ խնդիրը լուծելու համար: Հարցը ԱԺ-ում հնչեցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ վերջերս մահվան դեպքեր արձանագրվեցին վերելակների անմխիթար վիճակի հետևանքով:
«Քաղաքացին վախենում է նստել իր մուտքի վերելակ, գերադասում է ոտքով բարձրանալ 14-րդ հարկ, բայց չսնտել, որովհետև վերելակները վաղուց արդեն իրենց օգտագործման ժամկետը մի քանի անգամ անցել են»,- շեշտեց պատգամավորը:
Արձագանքելով հարցին՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ իրենց հայտնի է այս իրավիճակը և Ն.Զոհրաբյանը նորություն չի ասում, բայց՝ «իհարկե գույների խտության տարբերություն կա».
«Իսկապես մեր վերելակային տնտեսության ամբողջ պարկը տարիքային առումով, այո, ֆիզիկական մաշվածություն է ապրել, նաև որոշակի առումով բարոյական մաշվածություն ունի: Հետևյալն է իրավիճակը. Բոլորիս հայտնի է իրավական կարգավիճակը, վերելակը համարվում է բաժնային սեփականություն այդ բազմաբնակարան շենքում ապրող բնակիչների համար: Վերելակի պահպանումն ու շահագործումը համարվում է պարտադիր նորմերի կատարում հենց համատիրության կողմից: Այսինքն՝ իրավական առումով բաժնային սեփականատերը բնակիչն է, շահագործման նորմերի պատասխանատուն շենքի կառավարման մարմինը՝ համատիրությունը»,- թվարկեց Կամո Արեյանը:
Սա, շեշտեց նա, հարցին իրավական առումով մոտենալն է, իսկ եթե հարցին իրատեսությամբ նայենք, ապա, ըստ բանախոսի, իրականում իսկապես մտահոգիչ է վերելակային տնտեսության վիճակը և դրա համար անհրաժեշտ են լրջագույն ներդրումներ: Կ.Արեյանն ընդունեց՝ ունենք իսկապես խնդիր, բայց և տեղեկացրեց, որ քաղաքապետի կողմից նախաձեռնել են քննարկումներ տարբեր ներդրումային կառույցների հետ երկու ուղղությամբ. նախ, եթե հնարավոր լինի անցնել կառավարման այլ տարբերակի և երկրորդը՝ ֆինանսական ներդրումային ծրագրերի առկայություն.
«Երևան համայնքի բյուջեն բավարար չէ այդպիսի ներդրումներ իրականացնելու, որտեղ պետք է արմատապես փոխվի ամբողջ կառուցվածքը՝ փոխարինել նոր վերելակներով կամ նորոգվեն ու հուսալի դառնան: Սա է ճանապարհը, դրա համար մենք լուրջ քննարկումների մեջ ենք, որպեսզի կարողանանք համակարգը շահագործման տեսանկյունից դարձնենք անվտանգ և հուսալի»:
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց՝ խոսում ենք բացարձակապես շարքից դուրս եկած վերելակների մասին.
«Դիակի վրա պահպանման ծախսեր կատարելը, կարծում եմ, բացարձակապես անօգուտ է»,- ասաց նա նաև հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն հանդես էր եկել առաջարկով, որն էլ կրկնում է հիմա, երբ հարցն այսքան արդիական է ու կյանքեր է խլում:
«Մորատորիում հայտարարեք մի քանի լրջագույն ծրագրերի, որ անում եք: Օրինակ, եթե քաղաքացուն հարցնեք ու հարցը դնեք հանրաքվեի, թե՝ տոնական օրերին այսքան լուսավորություն և այլն, և այլն, որի վրա հսկայական գումարներ ենք ծախսվում, դա են ուզում, թե գոնե մի քանի շենքերի վերելակների վերանորոգում, ես վստահ եմ, որ քաղաքացու ձայնը կլինի հօգուտ վերելակի»,- շեշտեց պատգամավորը: Այնպես որ, հավելեց նա, կարելի է իսկապես մի քանի ոչ առաջնային ծրագրերի ուղղվող գումարները ուղղել այնտեղ, որտեղ կա մարդկային կյանքի վտանգ սպառնող խնդրի վերացում:
Կամո Արեյանը, իրեն բնորոշ խաղաղությամբ հայտարարեց, որ տագնբապալից կխոսի Ն.Զոհրաբյանը, թե հանգիստ, հարցը այդպես չի լուծվելու: Իրենք էլ, այսինքն քաղաքապետարանը, լոկալ լուծումների ետևից ընկնողը չեն՝ անկախ տագնապից:
«Կարելի է մի վերելակ փոխել, հետո՞: Ամբողջ սիստեմի վերակառուցման խնդիր ենք մենք դնում: Եվ որևէ մեկը, եթե կպատկերացնի, թե այդքան էժան թափած ապրանք է վերելակը, որ կարելի է բերել ու միանգամից մոնտաժել… ժամանակակից վերելակներն ու մեր շենքերի հորերը գիտե՞ք ինչքանով են իրարից տարբեր» ,- ասաց նա: Բայց, կրկնեց նա, կարկատաններով խնդիրը չի լուծվում, այլ միայն խոշոր ներդրումների միջոցով:
Իսկ վերջում էլ տեղեկացրեց, որ այս տարվա բյուջեով էլ ունեն գումար հատկացված, շուրջ 90 մլն դրամ, որն ուղղվում է վթարային վերելակների վերանորոգմանը: