27/05/2015 12:46
Էդվարդ Նալբանդյան. Նախատեսում ենք ավելացնել Լիբանանում մեր զորախմբի թվաքանակը
Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը: Այս մասին նախօրեին Լիբանանում այդ երկրի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նրանց հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ինչին հաջորդել են բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Լիբանանի արտգործնախարարն ասել է որ երկու պետությունների միջև ձևավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է բարեկամական համագործակցության ամրապնդման երկուստեք ցանկությամբ:
Նախարարները շարունակել են մեկ ամիս առաջ Երևանում մեկնարկած երկխոսությունը, երբ Ջեբրան Բասիլը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հարցերին, արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, փոխգործակցությանը բազմակողմ ձևաչափերում, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Երկուստեք ընդգծվել է, որ առկա է մեծ ներուժ՝ առևտրատնտեսական համագործակցության խորացման համար, և այս առումով զգալի աշխատանք կա իրականացնելու։
Անդրադառնալով լիբանանահայ համայնքին` նախարարները նշել են, որ հայ համայնքը, մեծ դրական դերակատարություն ունենալով երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, հուսալի ու ամուր կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև:
Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են արտերկրում հայկական և լիբանանյան համայնքային կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։
Հանդիպմանն անդրադարձ է արվել Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախմբի մասնակցությանը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը հայտնել է, որ Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը:
Բանակցություններին քննարկվել են Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, կարևորվել է միջազգային հանրության համախմբումը ահաբեկչության դեմ պայքարում։
Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլը, անդրադառնալով այս տարվա մարտին Հայաստանի, Լիբանանի, Ռուսաստանի և Վատիկանի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, շեշտել են այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
Բանակցությունների օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության սերտացման, այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Նախարարական համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:
Նախարար Նալբանդյանն իր լիբանանցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
Էդվարդ Նալբանդյանը և Ջեբրան Բասիլը քննարկումները շարունակել են ՀՀ արտգործնախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:
Մայիսի 26-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպել է Լիբանանի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, պատասխանել լիբանանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:
Ավարտելով այցելությունը Լիբանան` ՀՀ արտգործնախարարը մեկնել է Դամասկոս։