27/05/2015 18:45
Մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարողը տուգանվեց 500 հազար ՀՀ դրամի չափով
Երևանի երեք մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարելու գործով ամբաստանյալ Էդվարդ Մխիթարյանն այսօր դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի 500 հազար ՀՀ դրամի չափով:
Նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդել է իր պաշտպանյալին տուգանել 300 հազար ՀՀ դրամի չափով՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը չի աշխատում, ունի անչափահաս երեխա:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ս. Գրիգորյանը ասաց, որ դատարանի որոշումը եղել է օրենքի սահմաններում, իսկ արդյոք այն կբողոքարկեն, թե ոչ, դեռևս չի կարող ասել:
«Տաշիրի» շուկայի մոտ նեխած հավի միս են ազատ վաճառում, ուղղակի կան մարդիկ, որ շուո արեցին»,-ասաց փաստաբանը, չցանկանալով անուններ նշել:
Ըստ Էդվարդ Մխիթարյանին առաջադրված մեղադրանքի՝ նա հաղթելով Երևանի քազաքապետարանի կողմից հայտարարված «Մանկապարտեզների հավի միս մատակարարելու» մրցույթում, 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա, Երևանի Դուշամբեի 11/8 հասցեում կազմակերպել և իրականացրել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգտագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս, այն մշակել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով և կալիումի պերմանգանատով և այդ մսից 2014թ. մատակարարել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116,118 մանկապարտեզներին՝ 98750 դրամ արժողության, այդպիսով մատակարարել է ՀՀ Կառավարության 2006թ.հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1560-Ն որոշման պահանջներին չհամապատասխանող 79 կգ հավի միս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 212 Հոդվածի 2-րդ Մաս 1 Կետի հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: