29/05/2015 16:31
Նախարարը բացառում է, որ մանկատնից երեխա վերցնեն մուրացկանության համար
ԲՀԿ խմբակցության պատգամավորի հայտարարությունը, թե մանկատներից երեխաներին օրավարձով տանում են մուրացկանության, հանցագործության մասին հաղորդում է, որի վրա պետք է սևեռվի համապատասխան մարմինների ուշադրությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ես անթույլատրելի եմ համարում նման հայտարարությունները, որովհետև եթե կա նման փաստ, ուրեմն պետք է դրանք ներկայացվեն պատկան մարմիններին»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, թե պատկան մարմինները ոչ միայն պետք է արձագանքեն հայտարարությանը, այլ՝ համագործակցեն այդ հայտարարությունն անող պատգամավորների հետ:
Նախարարի խոսքով՝ այսօր մուրացկան երեխաների հետ կապված հարցերով կան հատուկ մարմիններ, որոնք իրականացնում են համապատասխան աշխատանք:
Դիտարկմանը՝ գուցե այդ մարմինները պատշաճ աշխատանք չեն իրականացնում, նախարարը ասաց. «Կարելի է ասել՝ միգուցե արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն կա, բայց նրանք աշխատում են: Այդ հարցը պետք է մտահոգի բոլորին, այդ թվում՝ այդ մարմիններին և, եթե յուրաքանչյուրս ունենք կոնկրետ փաստ, ապա պետք է համագործակցենք համապատասխան մարմինների հետ՝ համապատասխան փաստարկներով, ոչ թե սահմանափակվենք միայն հայտարարություններով»:
Նախարարը նկատեց, որ ինքն անձամբ, համապատասխան փաստերի առկայության դեպքում պատրաստ է համագործակցել ու հարցը քննարկել մանկատների տնօրենների հետ: «Ես դա համարում եմ ամենավտանգավոր երևույթը, և եթե այդպիսի բան բացահայտվի, պետք է լինի ամենախիստ պատիժը, բայց ես բացառում եմ նման բան մեր համակարգի հաստատություններում»,- ասաց նա:
Նախարարը ընդգծեց, որ վչրջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են ընթացել, որոնք մեծ արդյունք են տվել: «Այս մասին կա անգամ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում»,- եզրափակեց նախարարը: