01/06/2015 18:29
Նաիրա Զոհրաբյանի մանկության հուշերը՝ հոր կապույտ ժիգուլու ու առաջին անգամ ծովը տեսնելու մասին
Մանկությունս շատ երջանիկ է անցել ու դրա հետ կապված ամեն հուշ ինձ շատ դրական զգացողություններ է պարգևում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում, կիսվելով իր մանկական հուշերով, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Այնպես որ ինձ համար բարդ է կոնկրետ ինչ-որ դրվագ առանձնացնել: Բայց մի պատմություն կցանկանամ պատմել, որը կապված է մանկական տարիքիս, այսպես ասած, առաջին ապշանքի հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ շարունակելով.
«Ես 4 տարեկան էի: Հայրս մի կապույտ ժիգուլի ուներ ու այդ ամռանը մենք ընտանիքով՝ ես, հայրս, մայրս ու երկու քույրերս գնացինք այդ մեքենայով Սև ծով: Երբ առաջին անգամ տեսա ծովը, հիշում եմ կարկամել էի, կանգնած երկար նայում էի ու զարմանում, թե ինչպես է, որ այսքան շատ ջուր կա: Այդ օրվանից ծովն իմ տարերքն է ու ես ամեն տարի պետք է անպայման տեսնեմ այն: Հետաքրքիր է, որ դրանից հետո ամեն անգամ, երբ մոտենում եմ ափին, մոտս դարձյալ մանկությանս ապշանքն է լինում ու շարունակում եմ զարմանալ, թե ինչպես է հնարավոր բնության նման հրաշք»,- անկեղծացավ Նաիրա Զոհրաբյանը:
Երեխաներին նա առաջին հերթին մի մաղթանք ունի՝ թող բոլորը լինեն երջանիկ, իսկ մեծահասակներին ԲՀԿ ղեկավարը ցանկացավ հնարավորինս արագ լուծել սոցիալապես անապահով երեխաների խնդիրները:
«Ես ի սրտե, անկեղծությամբ ցանկանում եմ, որ մենք կարողանանք լուծել գոնե երեխաների սոցիալական խնդիրները: Պիտի չլինի երեխա, որն ունենա հացի խնդիր: Մեզ մոտ, ցավոք, դեռ շատ շատ են սոված քնող երեխաները: Երբ ես ամեն անգամ հանդիպում եմ նման հոդվածների, դա ինձ համար լրջագույն սթրես է: Ես ուզում եմ, որ ոչ մի երեխա ծանր մանկություն չունենա: Մենք այս իրականությունը պիտի փոխենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով.
«Սոցիալապես անապահով երեխաներն ինձ համար՝ անձամբ ինձ համար, որպես մայր, մեծագույն ողբերգություն են»: