02/06/2015 14:57
Հայաստանի հավասարակշիռ և իրատեսական մոտեցումը տվեց ցանկալի արդյունքներ․ Սերգեյ Մինասյան
«Հայաստանի համար գագաթաժողովն ամենաարդյունավետն էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ռիգայի գագաթաժողովի մասին, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա կարծիքով՝ այդ արդյունավետությունը երևում է այլ մասնակիցների ձեռք բերած արդյունքների տեսակետից. «Մի կողմից հայկական կողմը ոչ իրատեսական մեծ ակնկալիքներ ուներ, մյուս կողմից՝ վերջին 1,5 տարվա ընթացքում աշխարհաքաղաքական դեպքերը ցույց տվեցին, որ 2013-ին Հայաստանի հավասարակշիռ և իրատեսական մոտեցումը տվեց ցանկալի արդյունքներ»:
Քաղաքագետի կարծիքով՝ տարվա վերջին կսկսվի Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնության բանակցությունների իրական գործընթաց. «Քաղաքական նոր իրավիճակում Ռուսաստանի մոտեցումը նույնպես դրական կլինի, եթե հաջողվի ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը համատեղել ԵՄ-ի հետ Հայաստանի կնքելիք նոր պայմանագրի հետ»:
Ս. Մինասյանի գնահատմամբ՝ նոր փաստատուղթը «Ասոցացման համաձայնագիր Light»-ն է: Այն, քաղաքագետի համոզմամբ, ներառելու է քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ մասը, նաև լուրջ տնտեսական փաթեթ՝ բացառությամբ ազատ առևտրի գոտու կարգավորումների: