02/06/2015 13:25
Ճոյտի որդին դուրս է եկել հիվանդանոցից՝ հորեղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար
Արմավիրի մարզում գազալցակայանի պայթյունից տուժած` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը այսօր դուրս է եկել հիվանդանոցից՝ հորեղբոր հոգեհանգստին մասնակցելու: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հետ զրույցում հայտնեց Երևանի ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նորայր Դավիդյանը:
Նա ասաց, որ Արմեն Հակոբյանին պետք է տանեն-բերեն հիվանդանոց, իսկ նրա վիճակը բավարար է գնահատվում:
«Նրա մարմնին խորը վերքեր կան, բայց հետո պարզ կլինի հետագա բուժումը, նա կարիք ունի ձեռքերի վիրահատության, հնարավոր է՝ սպիներ առաջնանան մարմնի տարբեր հատվածներում, ինքն էլ որոշ չափով գեր տղա է, կարող է սպիներ մնան» ,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը, երեկ հիվանդանոցում մահացել էր սեպսիսից: Վթարից տուժած` գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, ով համեմատաբար թեթև վնասվածքներ էր ստացել, գտնվում է հիվանդասենյակում:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։