28/06/2015 14:14
Առաջին քայլն արդեն արված է դեպի հաղթանակ, բացվել է ճանապարհը հետագա բանակցությունների համար. Սրբազան
Առաջին քայլն արդեն արված է դեպի հաղթանակ, բացվել է ճանապարհը հետագա բանակցությունների համար: Անդրադառնալով երեկ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով վերջին բոլոր օրերին Բաղրամյան պողոտայում էր՝ ցույցի մասնակիցների կողքին:
«Կարծում եմ, որ խելամիտ որոշումը կլինի այն, որ Բաղրամյան պողոտան ազատվի, և պայքարի ձևը, կերպը և մեթոդները շարունակվեն այլ վայրերում՝ դա կլինի Ազատության հրապարակը, թե այլ հատված: Հիմա խելամիտ որոշումներ կայացնելու պահն է, երբ պետք է առաջնորդվել բանականությամբ և ոչ զգացմունքներով»,- ասաց Սրբազան հայրը:
Նա նշեց, որ վերջնական նպատակին հասնելու համար գոյություն ունեն փուլեր և ինչպես միշտ, այնպես էլ այս դեպքում ոչինչ միանգամից չի լինում:
«Հիմա քայլ առ քայլ, տրամաբանված պայքարի ժամանակն է, մտածված ծրագրով գործելու հերթը: Այս պահին խելամիտ չեմ համարում Բաղրամյան պողոտայում մնալու որոշումը, եթե այն կայացվի: Պետք է նաև հորդորեմ ներկաներին, որ սադրանքներից հեռու մնան և զգույշ լինեն դրանցից: Պետք է ասեմ, որ կսադրեն նրանք, ովքեր դավաճան կկոչեն խելամիտ որոշում կայացնողներին՝ այն է՝ ազատել Բաղրամյան պողոտան»,- ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նա ընդգծեց, որ չի կարելի թույլ տալ, որ սադրիչների մեղքով տուժեն պայծառ երիտասարդները: