28/06/2015 12:00
Հ. Մելիք-Շահնազարյան. Հուսով եմ՝ ակտիվիստները կընդունեն համագործակցության այս առաջարկը
Ընդունելով նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ցույցի ակտիվիստները կարող են որակական նոր աստիճանի հասցնել քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը մեր պետականության կյանքում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.
«Ակնհայտ է, որ լոզունգային պահանջատիրության փոխարեն պետությունը քաղաքացիներին այսօր առաջարկում է սոցիալական պատասխանատվության ավելի բարձր մակարդակ ենթադրող մասնակցություն: Տրվում են գործիքներ, որոնք ճիշտ տնօրինելու պարագայում հնարավոր կլինի հասնել ոչ միայն էլեկտրաէներգիայի գների նվազեցմանը, այլև բաշխիչ ցանցերի ազգայնացմանը: Սա շատ ավելին է, քան ցույցի նախնական պահանջն էր:
Հուսով եմ՝ ակտիվիստները կընդունեն համագործակցության այս առաջարկը: Հասկանում եմ, որ դա մարդկանցից շատ մեծ պատասխանատվություն, ջանք ու եռանդ կպահանջի, բայց վստահ եմ, որ ոտքի կանգնած քաղաքացու համար դա հաղթահարելի խնդիր է: Համենայն դեպս, վերջին օրերի շարունակական սխրագործությունն այդ է վկայում»: