28/06/2015 12:20
Հանրային ընդվզումը բերեց ճիշտ որոշման ընդունմանը. Շարմազանով
«Չես կարող լինել երկրի տերը միայն վանկարկելով այդ մասին, հարկավոր է նաև մասնակցություն ունենալ կարևորագույն որոշումների կայացման գործընթացում: Երկրի ղեկավարը նրանց այդպիսի հնարավորություն տվեց»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին հնչեցրած հայտարարությանն ու Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների արձագանքին:
Ըստ ՀՀԿ-ական գործչի` Սերժ Սարգսյանը ակտիվիստներին ընձեռեց այդպիսի հնարավորություն` հրավիրելով մասնակցել ՀԷՑ-ում նախապատրաստվող աուդիտին և եթե ակտիվիստները իսկապես ցանկանում են լինել երկրի տերը, ինչպես այդ մասին մի քանի օր է՝ հայտարարվում է Բաղրամյանում, ապա պետք է ընդունեն այդ հրավերը` այդպիսով հնարավորություն ստանալով լինել այդ գործընթացի մասնակից:
Դիտարկմանը, թե ակտիվիստները հայտարարում են, որ իրենց չի գոհացնում Նախագահի առաջարկը, քանի որ դա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում, Է. Շարմազանովն արձագանքեց.
«Կարծում եմ՝ պայքարի մի փուլն ավարտվեց, և տրամաբանական կլիներ, որպեսզի ակտիվիստներն ընդունեին այս առաջարկը: Կարևոր է հասկանալ, որ վերջնագրերով ու պահանջներով շատ բանի հասնել չես կարող: Նրանց հիմնական պահանջը կատարվել է՝ օգոստոսի մեկից էլէներգիայի թանկացում չի լինի, իսկ մնացածը ցույց կտա աուդիտի արդյունքը: Ի վերջո, չմոռանանք, որ ՀԷՑ-ը մասնավոր ընկերություն է և այլ կերպ այս իրավիճակում հնարավոր չէ»,- շեշտեց նա:
Է. Շարմազանովն ուշադրություն հրավիրեց Նախագահի խոսքում մի կարևորագույն հանգամանքի ևս, այն է` չի բացառվում է, որ ՀԷՑ-ը կազգայնացվի.
«Սա շատ կարևոր է: Եվ մի բան էլ` իշխանություններն ի սկբանե անհանգստացած էին սակագնի թանկացման անհրաժեշտությամբ և հանրային ընդվզումը բերեց ճիշտ որոշման ընդունմանը: Մնացածը ցույց կտա ժամանակը»,- հավելեց նա: