28/06/2015 11:44
Մեծ պատերազմի առաջին ճակատամարտը հաղթել ենք. Վաղինակ Շուշանյան
Մենք կանենք այն, ինչ կասի ժողովուրդը. որոշողն այստեղ հավաքված մարդիկ են լինելու: Այսպես եղել է նախորդ մեկ շաբաթվա ընթացքում, այդպես կլինի նաև սրանից հետո: Բայց, եթե ուզում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ապա կարող եմ ասել՝ Նախագահի երեկվա հայտարարությունը հաղթանակ էր: Այս մասին այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
«Մենք հստակ հասկանում ենք, որ Նախագահի հայտարարությունը որևէ կերպ չի բավարարում մեր պահանջները, բայց սա քայլ է նրանց կողմից, մեծ քայլ: Ասեմ ավելին՝ այս պահին իշխանությունները ավելին անելու իրավասություն էլ չունեն: Սա պատերազմի առաջին խոշոր ճակատամարտի հաղթանակն եմ համարում»,- ասաց նա:
Վ. Շուշանյանը համոզված է՝ Նախագահի առաջարկած անկախ աուդիտը թեև ուշացած, բայց անհրաժեշտ քայլ է, այդպիսով կբացահայտվեն բազմաթիվ մեքենայություններ. «Ես համոզված եմ՝ աուդիտի արդյունքում գտնվելու են բազմաթիվ խախտումներ, որոնց հրապարակայնացումից հետո հենց իշխանություններն են ասելու՝ այո, ժողովուրդ, դուք ճիշտ էիք, հոսանքի թանկացման արդարացված փաստարկներ չկան»:
Ըստ Շուշանյանի՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը կպահանջի որոշակի ներգրավվածություն ապահովել աուդիտորական կազմում, ինչը կապահովի աուդիտի անկողմնակալ անցկացումը ու դրա ընթացքի ու արդյունքների հրապարակայնացումը. «Աուդիտի բոլոր փուլերի, բոլոր արդյունքների, բոլոր մանրամասների մասին ժողովուրդը պետք է իրազեկված լինի անմիջապես: Այլևս ոչ մի հապաղում կամ կոծկում: Մենք պատրաստ ենք լինել այդ կազմում, օգնել՝ բացահայտել այդ հսկայական մեքենայությունները, որ եղել են ՀԷՑ-ում»,- ասաց նա:
Շուշանյանն ընդգծեց, որ հաղթանակ է ոչ միայն աուդիտորական գործընթացի մեկնարկը, այլև այն, որ առաջին անգամ իշխանություններն արձագանքեցին բացառապես քաղաքացիական նախաձեռնությանը, որը 7 օրերի ընթացքում ոչ մի քաղաքական պահանջ կամ շահարկում առաջ չքաշեց. «Մինչ այս, իշխանությունները չէին արձագանքում անգամ ընդդիմության կամ մյուս շարժումների հավաքներին ու պահանջներին, բայց մեզ արձագանքեցին, որովհետև հասկացան՝ մեր պահանջը հստակ է ու խիստ որոշակի: Մենք գիտենք՝ մեզ այստեղից կարող են ցրել՝ բմբուլի նման, բայց իրենք էլ գիտեն՝ մենք վախեցողը չենք, հետ ենք գալու, ինչպես եղավ հունիսի 23-ից հետո»:
Ըստ նախաձեռնող խմբի ներկայացուցչի՝ երեկ շարժումը 3 մեծագույն հաղթանակ գրանցեց, աուդիտի մասին որոշումը միայն մեկն էր. «Հունվարին, երբ ազգովի կանգնեցինք, պահանջեցինք Պերմյակովին Հայաստանում դատել, կոտորվեցին, ծեծ կերանք... Արձագանք չեղավ: Երեկ հանկարծ պարզվեց, որ նրան Հայաստանում են դատելու: Սա մի՞թե մեծ հաղթանակ չէր մեզ համար: Կամ այն, որ Հրաչյա Հարությունյանը վերջապես կարտահանձնվի Հայաստան: Ես համարում եմ, որ սրանք մեր ազնիվ պայքարի անուղղակի հետևանքներն էին, մեր ճնշման արդյունքը: Սրանք հաղթանակներ էին, մեծ հաղթանակներ»:
Շուշանյանն այս հանգամանքները համարում է իշխանությունների կողմից ուղարկված հստակ մեսիջներ՝ թե մենք չենք կարող ամեն ինչ անել միանգամից՝ ՀԿԾՀ որոշման չեղարկում և այլն, որ սա փուլային գործընթաց է, իսկ սա՝ միայն առաջին փուլը:
Անդրադառնալով իրենց հաջորդ գործողություններին, Շուշանյանն ասաց, որ ամեն ինչ կարվի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի. «Եթե ժողովուրդը որոշեց, որ մնում ենք, ես կմնամ ու կլինեմ առաջին գծում: Բայց ուզում եմ հորդորել՝ սառը գլխով դատեք, արկածախնդրությունն անիմաստ է: Չեմ բացառում, որ երեկոյան որոշվի, որ տուն ենք գնում: Բայց ուզում եմ հայտարարել՝ եթե տուն ենք գնում, ապա ոչ թե պարտված, այլ գլուխներս բարձր, ճակատամարտը հաղթած: Իսկ եթե հանկարծ հետագայում իշխանությունների կողմից մի սխալ գործողություն լինի, նախահարձակ լինողը մենք ենք լինելու»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այս պահին իշխանություններն արել են առավելագույնը, ինչ կարող էին անել՝ մինչև անկախ աուդիտի եզրակացությունն ունենալը: Այլ իրավասություն այս պահին իշխանություններն ուղղակի չունեն. «Եթե այս պահին էլ սառը չդատեցինք, իշխանություններն ասելու են՝ մենք քայլն արեցինք, դուք մեր մեկնած ձեռքը մերժում եք: Դա ճիշտ չէ, եթե մեր նպատակն արդար աուդիտն է»: