28/06/2015 14:32
Եթե փակել ես ճանապարհը, պետք է նաև այն բացես. Այլապես հաղթողը դու չես լինի. Թևան Պողոսյան
Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է գնահատել արդյունքը ու գնահատել այն հնարավորությունները, որոնք կարող են հետագայում այդ արդյունքը բազմապատկել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցւոմ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, որ 7 օր շարունակ գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ ցուցարարների և ոստիկանների միջև կազմված կենդանի պատնեշի շարքերում:
«Հիմա ես կարող եմ ասել, որ տղաների պայքարը, մեր հասարակության պայքարը այն յուրահատուկ հաղթանակն էր, որը դուռ ու պատուհան է բացում հետագա քայլերի համար: Հիմա իրենց սթափությամբ իրենք պետք է ապացուցեն, որ հաղթանակի տերը, իրոք, իրենք են, ու եթե վերջնականապես ուզում են ապացուցել դա, ապա պետք է հասկանան՝ եթե ինքդ ճանապարհը փակել ես, դու հաղթող կլինես, եթե ինքդ էլ բացես այն: Եթե այս օրերին ճանապարհը բացվի արդեն ուրիշի կողմից, հաղթողը հաստատ մենք չենք լինի»,- ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյանն ընդգծեց, որ առաջին անգամ եղավ այնպես, որ քաղաքացիական պայքարի դուրս եկած ցուցարարների ձայնն, իսկապես, լսեցին.
«Ժողովդրի պահանջած բառը, գուցե, չի ասվել, բայց այստեղ խնդիրն այն է՝ մենք այդ բառո՞վ ենք գնահատում մեր պայքարի հետագա ընթացքն ու գործողությունները: Կարծում եմ՝ մենք տեղի ունեցածի իմաստով ենք գնահատում: Եթե նայում ենք իմաստին, ապա պայքարն իր արդյունքին հասել է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ հիմա պետք է միասնական թիմ ձևավորել, չկորցնել ոգևորությունը և մասկացել տեղի ունեցող հետագա բոլոր գործընթացներին՝ աուդիտին և այլն:
«Ու, ընդ որում, կարծում եմ՝ «Ոչ թալանին» ասելով՝ մենք նկատի չունեինք միայն ՀԷՑ-ի 7 դրամը: Մենք ունենք խնդիրներ նաև գազային համակարգում, նաև՝ ջրային համակարգում, որոնք պետք է բարձրաձայնել»,- ասաց Թևան պողոսյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ եթե ճանապարհը բացվի ոչ թե հենց փակողների, այլ ուրիշների կողմից, հաղթանակի տերն արդեն իրենք չեն լինի: