30/06/2015 17:38
Ա. Կրիլով. Հայաստանի ներքաղաքական իրավիճակը չի կարող անկայունանալ
«Ակնհայտ է մեկ բան՝ Հայաստանի, ներքաղաքական որոշ հանգամանքներից ելնելով, իրավիճակը չի կարող անկայունանալ: Դրա համար ծայրահեղական կարգախոսներով Բաղրամյան պողոտայում հանդես եկողները ոչ ռեսուրս ունեն, ոչ էլ հանրության աջակցություն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Կովկասագետների գիտական միավորման նախագահ Ալեքսանդր Կրիլովը՝ անդրադառնալով Երևանում շարունակվող բողոքի ակցիաներին:
Միևնույն ժամանակ նա չբացառեց այն հանգամանքը, որ առկա իրավիճակի վրա ազդում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարբեր գործոններ: Հիշատակեց նաև գլխավոր պատճառը.
«Առաջիկայում Հայաստանում մտադիր են անցկացվել սահմանադրական բարեփոխումներ, որոնք նոր իրավիճակ կստեղծեն, որի արդյունքում քաղաքական նոր դասավորվածություն կլինի: Այնհայտ է, որ բարեփոխման նախաձեռնողները շահագրգռված են սեփական դիրքերի ամրապնդմամբ, մինչդեռ նրանց մրցակիցները ձգտում են հակառակին: ՀՀ գործող նախագահի քաղաքական հակառակորդների դերակատարումը տեսանելի է այս ամենում և նրանք փորձում են իրավիճակի անկայունացման սպառնալիքը օգտագործել Սերժ Սարգսյանի վրա ճնշում գործադրելու համար»,- նշեց նա՝ չբացառելով նաև այն տարբերակը, որ հավանաբար քողարկված քաղաքական առուվաճառք կլինի կամ այն արդեն տեղի է ունեցել:
Քաղաքագետը նկատեց, որ դժվար թե Սերժ Սարգսյանի հակառակորդները իրենց առջև իսկապես իրավիճակը անկայունացնելու խնդիր են դրել, այլ ավելի հավանական է, որ նրանք ձգտում են առավել շատ զիջումների դրդել իշխանություններին և այդպիսով երաշխավորել սեփական դիրքերը ապագայում՝ սահմանադրական բարեփոխումներից հետո: Իսկ եթե իսկապես իր կանխատեսումները համապատասխանում են իրականությանը ու նման առուվաճառք ընթանում է, ապա Բաղրամյանում ցույցերը կավարտվեն ինքնաբերաբար դրա ավարտից հետո, իսկ արդյունքը կերևա, օրինակ, կադրային փոփոխություններում, կամ այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությամբ խորհրդարանական ընտրություններում և այլն:
«Այս իրադարձություններում մեծ դեր է խաղում ամերիկյան դիվանագիտությունը, որը ջանասիրաբար առաջ է տանում ԱՄՆ շահերը Հայաստանում, Հարավային Կովկասում և առհասարակ աշխարհում: Չեմ կարծում, թե ամերիկացիների նպատակը Հայաստանում մասշտաբային անկայունացումն է և դեպի Մայդան, սիրիական սցենարի ուղղորդումը: Շուտով ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են և մեծ թվով հայազգի ընտրազանգվածի առկայությունը զսպող ազդեցություն ունի տեղի քաղաքական գործիչների վրա: Առավել ևս ԱՄՆ ներկայիս դեմոկրատական ադմինիստրացիան դժվար թե գնա արկածախնդրության ճանապարհով, որն անկանխատեսելի արդյունք կունենա: Այդ իսկ պատճառով ամերիկյան դիվանագիտության համար ավելի ձեռնտու է օգտագործել ու սնել անկայուն վիճակը Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ գործադրելու համար, որպեսզի հետո, նույն այդ քողարկված առուվաճառքի շնորհիվ, ապահովի առավելագույնս շահավետ դիրքեր կողմնակիցների համար՝ առաջիկա սահմանադրական բարեփոխումների և գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում»,- կարծիք հայտնեց Ա.Կրիլովը:
Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ինչպես նաև ՀՀ նախագահի կողմից հնչեցրած առաջարկություններին, ապա ռուս քաղաքագետը նշեց՝ ամենը, ինչ այսօր կատարվում է երևանյան փողոցներում, կապ ունի էլէներգիայի սակագնի թանկացման որոշման հետ, սակայն ամենևին էլ պատճառ չի: Այդ իմաստով Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված ու իրավիճակի հանգուցալուծման համար թերևս բոլորովին ադեկվատ առաջարկը՝ պետության կողմից ժամանակավորապես սուբսիդավորել սակագնի թանկացումը չի կարող ելք դիտվել ստեղծված իրավիճակից, քանի որ դա չի լուծում այլ, ավելի կարևոր խնդիրներ: Ու թեև քաղաքագետը այն կարծիքին է, որ առաջատար խաղացողները արդյունքում իրար մեջ համաձայնության կգան, բայց խնդիրը դրանից իր բարդության աստիճանը չի կորցնում, քանի որ որոշ առաջատար քաղաքական գործիչների միջև հարաբերությունները բարդ ու առավել էմոցիոնալ բնույթ են կրում:
«Չեմ կարծում, թե ամերիկացիներին կհաջողվի արագ ու հեշտությամբ ստանալ ուզածը գործող նախագահից: Այնպես որ Երևանում ներքաղաքական լարվածության պահպանման հավանականությունը շատ բարձր է: Բայց ես վստահ եմ, որ այն կունենա սահմանափակ մասշտաբներ ու առաջիկայում Հայաստանի հասարակությանը ավերիչ Մայդան չի սպասվում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այս ճգնաժամի ավարտից հետո բոլոր ներքին և արտաքին խաղացողները կշարունակեն ձգտել իրենց նպատակներին արդեն մեկնարկային դիրքերից ու հստակ է մեկ բան՝ դրանից հետո էլ Հայաստանում քաղաքական անդորր չի հաստատվի, մեր երկրին սպասում է բուռն քաղաքական կյանք: