01/07/2015 18:53
Սուրեն Սուրենյանցին կալանավորելու որոշում է կայացվել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Սուրիկ Սուրենյանցին առաջադրված մեղադրանքի՝ նա խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ` իր հանցավոր մտադրությունն իրականցնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարզիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարման առիթը` բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահություն չարաշահելու եղանակով վերջինիս վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարևելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Սուրենյանցը խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնիրդներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու և Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Սուրիկ Սուրենյանցը զգալի չափրեով հափշտակություն կատարելու դիտավարությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: Ս. Սուրենյանցը, սակայն, նշանակված մի քանի դատական նիստերի վայրի և ժամանակի մասին պատշաճ տեղեկացված լինելով հանդերձ՝ չի ներկայացել դատական նիստին, դատարան ուղարկելով գրություն, որ ջերմություն ունի և չի կարող ներկայանալ դատարան:
Դատարանը որոշում է կայացրել նրան դատական նիստին բերման ենթարկել, սակայն 2014 թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնից դատարան է ստացվել անձին բերման ենթարկելու մասին արձանագրությանը կից տեղեկանք, համաձայն որի` «այցելությամբ Ս. Սուրենյանցը բացակայում է տանից, տանն է վերջինիս մայրը` Ջեմմա Գալստյանը, որը հայտնեց, որ իր որդին արդեն 1 շաբաթ է բացակայում է տանից, գտնվում է Երևան քաղաքում, իսկ կոնկրետ հասցեն չգիտի»:
Դատարանը որոշել է բավարարել մեղադրող Ա. Մանուկյանի միջնորդությունը՝ հայտարարել հետախուզում, ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին փոփոխել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը և նրան տեղավորել ՀՀ ԱՆ համապատասխան ՔԿՀ-ում: