01/07/2015 15:07
Փոստանջյան. Վալերի Պերմյակովի գործն է միայն փոխանցվել ՀՀ իրավապահներին
Ռուսաստանի կողմից Վալերի Պերմյակովին հայկական կողմին չհանձնելու դեպքում՝ հայտարարությունը, որ գործը սպանության մասով հանձնվում է ՀՀ իշխանություններին, որևէ արժեք չի ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ հայտարարությունը վերաբերվել է փաստաթղթերը հանձնելուն, բայց առանց մեղադրյալի հնարավոր չէ արդարադատություն իրականացնել։
«Այս հայտարարության նպատակն է մոլորեցնել և շեղել հանրության ուշադրությունը Բաղրամյան պողոտայում կատարվող ողջ գործընթացից»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ կոպտորեն խախտված է ՀՀ սահմանադրությունը, քանի որ ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը գտնվում է ՌԴ տարածքում և իրավախախտումները վերացնելու համար ՀՀ իրավապահ մարմինները իրենց իրավասությունների շրջանակում պետք է ձերբակալեն Պերմյակովին և բերեն ՀՀ քրեակատարողական հիմնարկ, որովհետև նա այս պահին ապօրինի կերպով է գտնվում ռուսական ռազմաբազայում: