03/07/2015 16:58
Այս պայքարի մեջ թրծվեց մի երիտասարդություն, որը բացառիկ է, օրինակելի. Գագիկ Գինոսյան
«Ինձ համար առավել կարևոր է, որ երիտասարդությունն իր մեջ կերտում է ազնվականի տեսակը: Դա ինձ համար ավելին է, քան բուն պայքարը: Այս միտինգը ոչ-մի միտինգի նման չէ: Այս պայքարի մեջ թրծվեց մի երիտասարդություն, որը բացառիկ է, օրինակելի: Մինչ այս, ցույցերի ընթացքում երբեք չենք տեսել, որ իրենց հետևից հավաքեն, հավասարակշռված լինեն: Այսօր առավոտյան նաև կոչեր էին հնչեցնում` հետևել խոսքերին, հագ ու կապին: Մարդիկ սկսել են ինքնակրթմամբ, ինքնահղկմամբ վերածվել այն տեսակի, որը ոչ միայն հպարտություն կբերի յուրաքանչյուր հայ մարդու, այլև ուսանելի և դաստիարակչական կլինի իրենցից հետո եկող սերունդների համար: Այնպես որ, ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ, քաղաքացիական և ազգային հասարակությունն է, քաղաքացու ձևավորումը, որի ականատեսն ենք լինում Բաղրամյան պողոտայում»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Բաղրամյան պողոտայում իրականացող իրադարձություններին` նշեց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս երիտասարդները նախ և առաջ սահմանի պաշտպաններն են, մեր զինվորները, ովքեր միշտ պետք է հաղթանակած լինեն. «Իմ ամենամեծ իղձը, փափագն այն է, որ անկախ ամեն ինչից, երիտասարդության ոգին չկոտրվի, այս սերդին նույնպես հոգեբանություն չներարկվի, որ ոչինչ հնարավոր չէ անել: Այն տղան, որին այսօր այստեղ մենք «կկոտրենք», վաղը սահման է պահելու, բանակ է գնալու ու երկիր պաշտպանի: Այնպես որ, շատ կարևոր է այս երիտասարդության ոգին բարձր պահել և հաղթողի հոգեբանություն սերմանել, որպեսզի վաղը հայոց սահմաններն անառիկ լինեն»:
«Ոչ թալանին» նախաձեռնությամբ բողոքի ցույցի առաջին օրից մինչ այսօր նա գտնվում է Բաղրամյան պողոտայում, որպեսզի հասկանա իրադարձությունների զարգացումը: «Ես, ընդհանրապես, նախընտրում եմ ժողովրդի ցավի կողքին լինել: Իսկ թե իրադարձությունների ի՞նչ զարգացում եմ նկատել այս օրերի ընթացքում, կասեմ. տեսակետները, բնականաբար, տարբեր են: Ոմանց լուծման այս ձևը բավարարում է, ոմանց` ոչ: Ճիշտ է, «Ոչ թալանին» նախաձեռնության տղաների համար ևս «կասեցում»-ը բավարար չէր, սակայն նրանք որոշեցին` նախագահի մեկ քայլ ընդառաջին ընդառաջով պատասխանել: Երկու դեպքում էլ մարդիկ են, ովքեր իրեց տրամաբանությունն ունեն, փարձառությունը: Համեմատության եզրեր են անցկացնում նախորդ նմանատիպ դեպքերի, մարդկանց դիրքորոշումների միջև: Բոլորը ձգտում են, որ հոսանքի թանկացումը չեղարկվի: Թե որ ճանապարհն ավելի լուրջ լծակներ կտա, դա արդեն ժամանակը ցույց կտա»,-նշեց Գ. Գինոսյանը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ «բարակեց» ցուցարարներին աջակցող կենդանի պատը, մեր վերջինս պարզաբանեց հետևյալ կերպ. «Միգուցե նրանք ընդհարման վտանգ չեն տեսնում, որովհետև ժողովրդի զանգվածն ավելի փոքրաթիվ է, ոստիկանության պահվածքն ավելի ադեկվատ է դարձել: Այնպես որ, լարվածության թուլացմամբ կարելի է բացատրել արվեստագետների, շոու-բիզեսի ներկայացուցիչների պասիվությունը, թեև երեկ գիշեր այնտեղ եմ եղել և մի քանիսին նկատել եմ: Նաև մարդկանց քանակն է կտրուկ նվազել, բայց շարունակում են պայքարել»:
Թե որքան կտևի այս ամենը և ի՞նչ արդյունք կտա, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել. «Ցուցարարների նոր խումբը մի քիչ այլ պահանջներ է ներկայացնում, առաջնահերթ խնդիրներ է դրել, ու այս պահին, կարծում եմ, ոչ երկրի նախագահը, ոչ էլ նախաձեռնող խումբը ելքի մասին պատկերացում չունի: Նոպալիոնն ասում է` «Պատերազմները սկսում են, երբ ուզում են, ավարտում են, երբ կարողանում են»: Այնպես որ, այս ամենը կավարտվի, եթե լինի որևէ որոշում, որը երկու կողմերին էլ ընդունելի կամ պարտադրելի կլինի: Ֆոտբոլային խաղի հետ համեմատելով ասեմ. ոչ-ոք չի կարող ասել` ի՞նչ հաշվով կավարտվի այս ամենը»: