06/07/2015 15:17
Հոսանքի սակագնի շուրջ իրադարձությունները նույնիսկ ստվերեցին Բաքվի խաղերը․ Ադրբեջանագետ
«Եվրոպական խաղերի համար ծախսվել է 10 մլրդ դոլար և ըստ հրապարակումների, այդ միջոցները չի հաջողվել հետ բերել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Բաքվի Եվրոպական խաղերի մասին, ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Ադրբեջանագետի կարծիքով՝ խաղերը չեն տվել այն արդյունքը, որը ակնկալում էին ադրբեջանական իշխանությունները:
«Ադրբեջանը Արևմուտքի հետ առնչվում է զուտ տնտեսական կապերով և այլ տեսակի առնչությունների հետ աղերս չունի, ու հենց այդ պատճառով միայն Եվրոպան համաձայնվեց սպորտային խաղերն անցկացնել Բաքվում»,- ասաց նա:
Անդրադառնալով նաև միջազգային լրահոսի արձագանքներին՝ ադրբեջանագետը նշեց, որ Եվրոպայի խաղերը պետք է դառնային Ադրբեջանի համար PR ակցիա, սակայն հակառակը եղավ: Փորձագետի գնահատմամբ՝ հոսանքի սակագնի շուրջ երևանյան իրադարձությունները նույնիսկ ստվերեցին Բաքվի խաղերը:
Ադրբեջանը, նրա խոսքով, Արևմուտքի համար բավական կարևոր տնտեսական գործընկեր է և մեծ է հարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը և այդ հարցում մարդու իրավունքները ճնշման որոշակի լծակ են Ադրբեջանի վրա: