07/07/2015 14:20
Փորձագետ. Շատ իրավախախտներ հանցագործության գնում են զբաղվածության խնդրի պատճառով
Շատ կարևոր է իրավախախտի զբաղվածության կազմակերպման խնդիրը, քանի որ շատ իրավախախտներ հանցագործության գնում են զբաղվածության խնդրի պատճառով: Այս մասին այսօր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում սեմինարի ժամանակ ասաց «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի կարճաժամկետ խորհրդատու Էնդի Բերնհարդտը:
Նշենք, որ այսօր բաժին էին այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայության աշխատակիցները՝ քննարկելու պրոբացիոն ծառայության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Է. Բերնհարդի խոսքով՝ ոչ բոլոր իրավախախտների դեպքում է կարելի համագործակցություն հաստատել Զբաղվածության պետական ծառայության հետ, քանի որ կան որոշակի պայմաններ, որոնք բավարարելու դեպքում միայն կարելի է տվյալ իրավախախտին ապահովել աշխատանքով:
«Շատ կարևոր է պրոբացիոն ծառայության ոլորտում համագործակցությունը ոչ միայն դատարնների, ոստիկանության, այլև զբաղվածության գործակալության հետ, քանի որ հանցագործություններ կատարվում են նաև աշխատանքի բացակայության պատճառով: Սակայն եթե անձը չունի անձը հաստատող փաստաթուղթ, հստակ բնակության վայր և այլն, ապա նախ, պետք է կարգավորել այդ խնդիրները: Կարծում եմ՝ պրոբացիոն ծառայողը պետք է պատրաստի այդ անձի վերաբերյալ նման տեղեկություններ պարունակող զեկույց՝ ծառայությանը ներկայացնելու համար: Օրինակ, սեռական հանցագործություն կատարած անձը չի կարող աշխատել կրթության ոլորտում և այլն: Սա ևս պետք է ներառել այդ զեկույցում և որոշակի աշխատանք կատարելուց հետո միայն նրան ուղարկել Զբաղվածության պետական գործակալություն»,- ասաց նա:
Սեմինարի ընթացքում փորձագետ Քրիս Ֆրոսթը ամփոփեց մինչև այժմ կատարված աշխատանքները՝ ծառայողների վերապատրաստման ուղղությամբ, և իր խոսքում նշեց, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների պատրաստվածությունը տպավորիչ է և կօգնի հետագա աշխատանքում առավել արդյունավետ գործել: